00:00:00

Լոռու մարզպետարանի էջն օգտագործվել է ՔՊ թեկնածուի օգտին. «Անկախ դիտորդը» դիմել է ԿԸՀ և ՏԸՀ

17:07, 17 հոկտեմբեր 2026 Քաղաքականություն

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին և Թիվ 25 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին՝ Լոռու մարզպետի կողմից վարչական ռեսուրսի հնարավոր չարաշահման հարցով

Հոկտեմբերի 25-ին ավագանու ընտրություններ են տեղի ունենալու Ստեփանավան համայնքում։ ՀՀ Վարչատարածքային բաժանման մասին օրենքի վերջին փոփոխություններով Ստեփանավան խոշորացված համայնքը միավորվում է Լոռի Բերդ խոշորացված համայնքին։ Այս համայնքում ընտրություններին մասնակցում է 5 ուժ։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ընտրական ցուցակը գլխավորում է Լոռի բերդ համայնքի գործող ղեկավար Արայիկ Ներսիսյանը, իսկ Ստեփանավան համայնքի գործող ղեկավար Արմեն Գրիգորյանը գլխավորում է «Գործարար» կուսակցության ընտրական ցուցակը։

Անկախ դիտորդը նախընտրական քարոզչության մշտադիտարկման շրջանակում արձանագրել է, որ 2026 թ. հոկտեմբերի 8-ից 15-ը Լոռու մարզպետարանի պաշտոնական ֆեյսբուքյան էջում հրապարակվել են բազմաթիվ տեսանյութեր, որոնցում մարզպետ Արեն Մկրտչյանը ներկայացնում է Լոռի Բերդ համայնքում իրականացված ծրագրերն ու փոփոխությունները՝ Ստեփանավան համայնքի ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Արայիկ Ներսիսյանի ուղեկցությամբ։

Միաժամանակ, սակավաթիվ են այլ համայնքների մասին հրապարակումները, և ի սպառ բացակայում են հրապարակումներ ներկայիս Ստեփանավան համայնքի բնակավայրերի վերաբերյալ, թեև նույն տրամաբանությամբ այդ բնակավայրերում ևս իրականացվել են աշխատանքներ։

Այս տարբերակված մոտեցումը նկատելի էր նաև սեպտեմբեր ամսվա ընթացքում, երբ սեպտեմբերի 27-ի ավագանու ընտրություններին ընդառաջ մարզպետարանի պաշտոնական էջում գերակշռում էին Թումանյան համայնքում իրականացված և նախատեսվող բարեփոխումները ներկայացնող նյութեր՝ համայնքի ղեկավար և ընտրություններում թեկնածու Սուրեն Թումանյանի մասնակցությամբ։ Դաշինքի գնահատմամբ՝ պաշտոնատար անձի կողմից իր ղեկավարած կառույցի պաշտոնական տեղեկատվական ռեսուրսի նման օգտագործումը միտված է իր կուսակցության թեկնածուին ընտրություններում առավելություն ապահովելուն և անհավասար պայմաններ ստեղծում ընտրություններին մասնակցող մյուս քաղաքական ուժերի համար։

Անկախ դիտորդը դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին և վերադաս հանձնաժողովին՝ ներկայացնելով արձանագրված դեպքերի վերաբերյալ փաստերն ու նյութերը և խնդրելով ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանին վարչական պատասխանատվության ենթարկելու համար։

Ընտրական հանձնաժողովների կողմից համապատասխան միջոցներ չձեռնարկելու դեպքում Անկախ դիտորդը վարչական պատասխանատվության հարցով կդիմի վարչական դատարան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր