00:00:00

Երևանում դասվարը աշակերտին ենթարկել է ֆիզիկական և հոգեբանական բռնության․ նախաքննությունն ավարտվել է

10:22, 24 նոյեմբեր 2026 Իրավական

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ հանրակրթական դպրոցի առաջին դասարանի դասվարը 2023 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում հոգեկան ուժեղ տառապանք է պատճառել նույն դասարանի աշակերտին:

Մասնավորապես՝ դասվարը դասասենյակում, դասընկերների ներկայությամբ, աշակերտի նկատմամբ ցուցաբերել է տարբերակված բացասական վերաբերմունք՝ պարբերաբար թիրախավորել է նրա վարքագիծն ու անձը, նրան դիմելիս խոսել է ոչ նորմատիվային, վիրավորական բառապաշարով, ենթարկել ֆիզիկական և հոգեբանական բռնության, քաշքշել է՝ պատռել հագուստը, արհամարհել և անտեսել է նրան, համադասարանցիներին հորդորել է չշփվել, չխաղալ նրա հետ:

Դասվարի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը):

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր