00:00:00

Իրանի նախագահը ներկայացրել է Հայաստան կատարած այցի արդյունքները

22:05, 17 հոկտեմբեր 2026 Արտաքին քաղաքականություն

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ներկայացրել է Հայաստան կատարած այցի արդյունքները՝ հայտնելով, որ Թեհրանն ու Երևանը պայմանավորվել են քննարկել և մշակել երկկողմ ռազմավարական փաստաթուղթ, ինչպես նաև զարգացնել տարածաշրջանային համագործակցությունը տնտեսական և տարանցիկ հաղորդակցությունների ոլորտներում։

Ինչպես հաղորդում է Pars Today-ը, ուրբաթ երեկոյան, Հայաստան կատարած այցից հեըո, որտեղ մասնակցել է COP17 գագաթնաժողովին, Փեզեշքիանը նշել է, որ Հայաստանի վարչապետի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններն ու առաջիկա ծրագրերը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ երկու երկրների փորձագետները մասնագիտական հանդիպումներ անցկացնեն՝ համատեղ ռազմավարական փաստաթղթի մշակման համար անհրաժեշտ հիմքեր ստեղծելու նպատակով։

Իրանի նախագահը տարածաշրջանային քննարկումների կարևոր ուղղություններից է համարել հաղորդակցային և տարանցիկ երթուղիների զարգացումը։ Նրա խոսքով՝ տարածաշրջանի երկրների աշխարհագրական հնարավորությունները Եվրոպա, Պարսից ծոց, Աֆղանստան և Հնդկաստան տանող երթուղիներին կապելը կարող է նոր հնարավորություններ ստեղծել տնտեսական փոխանակումների ընդլայնման, ինչպես նաև մշակութային և քաղաքական կապերի ամրապնդման համար։

Անդրադառնալով Իրանի, Հայաստանի և Վրաստանի ընդհանուր հնարավորություններին՝ Փեզեշքիանն ընդգծել է տարածաշրջանային համագործակցության ընդլայնման կարևորությունը։

Նրա խոսքով՝ հարևան երկրների հետ փոխգործակցության զարգացումը կարող է նպաստել փոխադարձ շահերի ապահովմանը և կառուցողական կապերի ամրապնդմանը։

Իրանի նախագահը, խոսելով նաև կենսաբազմազանության գագաթնաժողովում քննարկված հարցերի մասին, կարևորել է շրջակա միջավայրի պահպանությունը, աղտոտման դեմ պայքարը և Կասպից ծովի մակարդակի նվազման խնդիրը։ Նա ընդգծել է ապագա սերունդների համար բնության պահպանման գործում երկրների ընդհանուր պատասխանատվությունը։

Ամփոփելով այցի արդյունքները՝ Փեզեշքիանը նշել է, որ անցկացված բանակցությունները հնարավորություն են ընձեռել ամրապնդելու տարածաշրջանային համագործակցությունը և զարգացնելու Իրանի կայուն հարաբերությունները հարևան երկրների հետ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր