Հայաստանը Եվրամիությանն անդամակցելու դեպքում կկորցնի բազմաթիվ առավելություններ ու արտոնություններ, քանի որ ստիպված կլինի դուրս գալ ԵԱՏՄ-ից, լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։
«Ամենահամեստ հաշվարկներով՝ Եվրամիությանն անդամակցելու բանակցային գործընթացի փուլում ԵԱՏՄ-ից դուրս գալը Հայաստանի համար կարժենա իր ՀՆԱ-ի 30-40%-ը, ինչը չափազանց մեծ վնաս կհասցնի երկրի տնտեսությանը, իսկ արտադրության անկումը, աշխատաշուկայի կրճատումը, գործազրկության աճը և գնաճը կհանգեցնեն բնակչության կենսամակարդակի կտրուկ անկման։ Ընդ որում՝ Երևանը չի կարող ԵՄ-ից առատաձեռն հատկացումներ ակնկալել՝ հաշվի առնելով եվրոպական տնտեսության վիճակը»,- ասել է Շոյգուն:
Նրա խոսքով՝ եվրաինտեգրման հեռանկարի դիմաց Հայաստանի քաղաքացիները ստիպված կլինեն հրաժարվել այն առավելություններից ու արտոնություններից, որոնք տալիս է ԵԱՏՄ միասնական աշխատաշուկան։
Շոյգուն հիշեցրել է նաև, որ Ռուսաստանից Հայաստան կատարվող դրամական փոխանցումները ապահովում են երկրի ՀՆԱ-ի մոտավորապես 15%-ը
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռուսաստանում աշխատող ՀՀ քաղաքացիներից շատերը ստիպված կլինեն վերադառնալ հայրենիք, իսկ Եվրոպայում էլ նրանց չեն սպասում, կարելի է վստահ կանխատեսել, որ դրսից դրամական հոսքերը Հայաստանի տնտեսության մեջ զգալիորեն կնվազեն։ Հայաստանում նոր աշխատատեղեր ստեղծելու հրատապ անհրաժեշտություն կառաջանա, իսկ երկիրը չունի դրա համար անհրաժեշտ ներդրումային ռեսուրսներ»,- ասել է ՌԴ ԱԽ քարտուղարը։