Հնարավո՞ր է վերսկսել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը։ Ո՛չ: Դրա մասին այսօր՝ մարտի 20-ին, ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Թույլ տվեք հիշեցնել նախապատմությունը: Եվ, ի դեպ, կապ չեմ տեսնում Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև կապերի ակտիվացման կամ, այսպես կոչված, վերականգնելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի թեմայի միջև։ Մեր դիրքորոշումը ԵԱՀԿ Մինսկի խմբի վերաբերյալ մնում է անփոփոխ: Հիշում եք, որ խմբի ամերիկացի և ֆրանսիացի համանախագահներն էին, որ պարզապես դադարեցին աշխատել այնտեղ։ Նրանք դադարեցրել են փոխգործակցությունն իրենց ռուսաստանցի գործընկերոջ հետ 2022 թվականի փետրվարին։ Հայաստանը նույնպես ճանաչել է Ղարաբաղը որպես Ադրբեջանի անբաժանելի մաս»,- հայտարարել է Զախարովան՝ նշելով նաև 2023 թվականի սեպտեմբերին «տեղում» իրավիճակը փոխելու գործոնը։