00:00:00

Ռուսաստանում չեն բացառել ԵԱՏՄ երկրներից աշխատանքային միգրանտների նկատմամբ վերահսկողության լրացուցիչ մեխանիզմների կիրառումը

13:25, 19 փետրվար 2025 Քաղաքականություն

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ անհրաժեշտ է խստացնել հսկողությունը աշխատանքային միգրանտների նկատմամբ, սակայն վիզային ռեժիմի կիրառումը առայժմ բացառել է։

Ելույթ ունենալով Պետդումայում՝ Լավրովը նշել է, որ միգրացիոն քաղաքականության խստացումը պահանջված էր, սակայն միևնույն ժամանակ դեմ է հանդես եկել, իր ձևակերպմամբ, արհեստական խոչընդոտների ստեղծմանը աշխատանքային միգրացիայի համար՝ ընդհանրապես։

«Կենտրոնական Ասիայի երկրներից, առաջին հերթին՝ Անդրկովկասից և հետխորհրդային այլ հանրապետություններից աշխատանքային միգրանտների նկատմամբ մոտեցումների խստացումը չի բխում Ռուսաստանի երկարաժամկետ շահերից։ Իհարկե, կարգուկանոնին հետևել պետք է, շատ խախտումներ են գրանցվում մի շարք երկրներից եկած միգրանտների կողմից։ Մենք հատուկ մի քանի հանդիպում ենք անցկացրել ԵԱՏՄ անդամ երկրների դեսպանների հետ, հանգամանալից պատասխանել ենք նրանց հարցերին, բացատրել ենք՝ ինչ տրամաբանությամբ ենք մենք առաջնորդվում միգրացիոն քաղաքականությունում»,- ասել է Լավրովը՝ միաժամանակ ակնարկելով, որ ԵԱՏՄ անդամ երկրներից Ռուսաստան եկող միգրանտների նկատմամբ վերահսկողության  նորմերը կարող են փոփոխվել։

«Իսկապես, ԵԱՏՄ ստեղծման հիմնարար փաստաթղթերում նշված է, որ միության անդամ բոլոր երկրների քաղաքացիներն ունեն հավասար իրավունքներ․ եկեք՝ առանց հրավերի, մի նշեք՝ որտեղ եք աշխատելու և այլն։ Բայց  այս ամենը, այնուամենայնիվ, հավանաբար ստիպված պիտի լինենք հստակեցնել։ Միգրանտների ժամանումը պետք է վերահսկվի, իսկ պատկան մարմինները պետք է հասկանան՝ որտեղ են գտնվում մարդիկ, որոնք Ռուսաստան են եկել աշխատելու նպատակով։ Կամ՝ ով է նրանց աշխատանք տրամադրում և ով է, համապատասխանաբար, պատասխանատու, որ նրանք պահպանեն ՌԴ օրենսդրությունը»,- ասել է Լավրովը՝ հավելելով, որ   այս ամենը հնարավոր է կազմակերպել՝ առանց «մերձավոր դաշնակիցների հետ» հարաբերություններում արհեստական ​​խոչընդոտներ ստեղծելու։

«Այո, օրենքներ բոլորն էլ ունեն, բայց այդ օրենքները էվոլյուցիա են ապրում՝ կյանքի պահանջներին համապատասխան»,- նշել է Ռուսաստանի արտգործնախարարը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր