ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը հեռավար կարգով պատասխանել է քաղաքացիների հարցերին:
«Ի՞նչ կասեք Ալիևի վերջին հարցազրույցի և Նիկոլի արձագանքի մասին» հարցին ի պատասխան՝ Արմեն Աշոտյանը նշել է․
«Ակնհայտ էր, որ Ալիևի հարցազրույցն ադրբեջանական կողմի ծրագրավորված նախաձեռնություն էր։ Հիմնական շարժառիթը Մոսկվայի աչքերին լոյալության թոզ փչելն էր, հատկապես՝ Սիրիայի իրադարձությունների ֆոնին Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների ծանրացման պարագայում։ Ալիևը փորձում էր ռուսներին հաճելի մի քանի շեշտադրումներով որոշակիորեն տարանջատվել Էրդողանի հերթական «нож в спину» խաղից։
Պաշտոնական Մոսկվան գուցե հրապարակավ ընդունի այդ խաղը, բայց դժվար թե լուրջ մարդիկ այնտեղ չհասկանան, որ Էրդողան-Ալիև զույգն իրականում «երկդիմի Յանուս» է։
Կասկած չունեմ, որ առաջին իսկ հնարավորության դեպքում Բաքուն անթաքույց հրճվանքով Մոսկվային կհասցնի «удар ниже пояса»։ Հայաստանի մասով ալիևյան հանդուգն խոսույթը նրա գլոբալ ռևերանսների լոկալ շարունակությունն էր՝ Հայաստան-Ռուսաստան գլորվող հարաբերությունների ֆոնին՝ «չխառնվես, թող ես դրա հարցերը լուծեմ» տրամաբանության մեջ։
Ինչ վերաբերում է Նիկոլի արձագանքին, ապա այն ամբողջությամբ անհամարժեք էր, անլիարժեք և վտանգավոր՝ Փաշինյանի որդեգրած և իրականացվող գծի շրջանակներում։ Պասերով խաղը նրանց մեջ շարունակվում է։ Եթե առաջին խաղակեսում գնդակի դերում Արցախն էր, ապա հիմա Հայաստանն է»։
Դիտարկմանը՝ «Փաշինյանը կոնստրուկտիվ է վերաբերվում ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու՝ Բաքվի վերջնագրին», Աշոտյանն արձագանքել է․
«Արցախի հարցի վերջնական կարգավորման միջազգային մանդատ ունեցող միակ լեգիտիմ ձևաչափը լուծարելու Ալիևի հետևողական պահանջը ոչ թե կապրիզ է, այլ իմ մատնանշածի հստակ գիտակցում։
Նիկոլի պրիմիտիվ լեզվով ասած՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը Արցախի հարցի կադաստրի գլոբալ վկայականն է։ Փաշինյանը չունի և ոչ մի իրավունք Հայաստանի կամ, առավել ևս, Արցախի ժողովրդի անունից այն լուծարելու համաձայնությունը սակարկել իր իսկ պատճառով առաջացած ինչ-որ խնդիրներ սքողելու կամ Բաքվից դատարկ խոստումներ ստանալու դիմաց։
Արցախի Հանրապետության պատկան մարմինները՝ նախագահը, ԱԺ-ն, ԱԳՆ-ն, ուղղակի պարտավոր են հստակ և բարձրաձայն դիրքավորվել այս հարցով։ Հատկանշական է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի և ոչ մի համանախագահ երկիր, անկախ սուր տարաձայնություններից, հրապարակավ և ուղղակիորեն չի սատարել այդ առաջարկը՝ սլաքներն ուղղելով Հայաստանի վրա։
Իսկ Նիկոլն այս հարցում ունի նաև անձնական շահագրգռվածություն։ Մինսկի խմբի լուծարումը պատմության գիրկը կուղարկի կարգավորմանը վերաբերող ողջ փաստաթղթային փաթեթը, այդ թվում՝ «Սերժի ժառանգություն» համարվող Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման և իրացման երաշխավորված մեխանիզմները, որոնցից 2018-ին հրաժարվելով, Նիկոլն Արցախն Ադրբեջանին հանձնելու ստարտը տվեց»։