00:00:00

Գևորգ Պապոյանը քննադատել է Գյումրիում զբոսաշրջային ծրագրի իրականացման աշխատանքները՝ պահանջելով լուծել առաջացած խնդիրները

13:49, 21 դեկտեմբեր 2024 Քաղաքականություն

Աշխատանքային այցով այսօր Շիրակի մարզում էր Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի, Գյումրի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանի, նախարարության և մարզպետի աշխատակազմի մասնագետների հետ պատասխանատուները շրջել են Գյումրու փողոցներում, մասնավորապես, դիտարկվել է «Գյումրի քաղաքի զբոսաշրջության ենթակառուցվածքների և ճանապարհների վերակառուցում» ծրագրով Աճեմյան և Ջիվանի փողոցներում կատարված աշխատանքներն ու քննարկվել առաջացած խնդիրները։

 

Շինարարը ներկայացրել է իրականացված աշխատանքներն ու դրանց դադարեցման հիմնավորումները։ Էկոնոմիկայի նախարարն ու մարզպետը լսել են նաև տարածքի բնակիչների մտահգությունները։

 

Գևորգ Պապոյանը բավարար չի համարել ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացումը՝ նշելով, որ ֆինանսական միջոցները կհատկացվեն միայն մատնանշված խնդիրները լուծելուց, հատկապես փողոցների տեսքը խաթարող սյուների և էլեկտրական մալուխների փոփոխությունից ու տեղափոխումից հետո։

 

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի գնահատմամբ ծրագիրը չպետք է դիտարկել միայն որպես փողոցաշինություն, քանզի այն իրականում զբոսաշրջության զարգացման նպատակ ունի․ «Այս ծրագրի նպատակը զբոսաշրջության զարգացումն է, այն ուղղակի ասֆալտապատում կամ սալապատում չէ, այլ նպատակ ունի Գյումրի այցելող զբոսաշրջիկների համար քաղաքն առավել գրավիչ դարձնել։ Այս պատկերը մտահոգիչ է, քանզի ծրագիրը մշակվել է առանց հաշվի առնելու տարածքի տների համար առաջացող խնդիրները։ Մենք լսեցինք բնակիչներին և նրանք տեղին հարցեր են բարձրացնում, ցավոք այդ ամենը հաշվի չի առնվել մինչ ծրագրի մեկնարկը, խոսքը թե հեղեղատարների, թե որոշ հատվածներում մայթերի, թե վերգետնյա էլեկտրական լարերը ստորգետնյա լարերով փոխարինելու մասին է։ Մենք պետք է անենք հնարավորը առաջացած բոլոր խնդիրները լուծելու համար»։

 

Պայմանավորվածություն է ձեռքբերվել պատկան մարմինների համատեղ հանդիպում անցկացնել, կքննարկվեն բարձրացված խնդիրների լուծման տարբերակներ՝ առավել արդյունավետն ընտրելու նպատակով։

 

Նշենք, որ «Գյումրի քաղաքի զբոսաշրջության ենթակառուցվածքների և ճանապարհների վերակառուցում» ծրագրով Աճեմյան, Հանեսօղլյան և Ջիվանի փողոցների հիմնանորոգման բաղադրիչը 828 մլն 478 հազար դրամ է։ Շինաշխատանքները մեկնարկել են 2023-ին։ Շինարարությունն իրականացնում է «Մերձմոսկովյան» ընկերությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր