00:00:00

ՀՀ Սահմանադրության որեւէ հոդվածում Լեռնային Ղարաբաղի մասին ոչ ուղղակի, ոչ անուղղակի հիշատակում չկա. Փաշինյան

20:16, 19 դեկտեմբեր 2024 Քաղաքականություն

 

 

ՀՀ Սահմանադրության որեւէ հոդվածում Լեռնային Ղարաբաղի մասին ոչ ուղղակի, ոչ անուղղակի հիշատակում չկա: Այս մասին այսօր Արմենպրեսին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչպետ Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով Ադրբեջանի մեղադրանքներին, ըստ որոնց՝ մեր Սահմանադրությունն իբրև թե ՛՛տարածքային պահանջներ է պարունակում ընդդեմ Ադրբեջանի՛՛՝ Փաշինյանը, մասնավորապես, ասել է.

՛՛Մի քանի անգամ այդ թեմային անդրադառնալու առիթներ ունեցել եմ եւ կրկին հարկ եմ համարում ընդգծել, որ եթե դա Ադրբեջանի կողմից արտահայտվող անկեղծ մտահոգություն է, այդ մտահոգությունը փարատված համարելու բոլոր հիմքերը կան: Ինչո՞ւ, որովհետեւ պնդումները, թե Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ հիմնվում է այն փաստարկի վրա, թե մեր Սահմանադրության նախաբանում կա ընդհանրական հղում Անկախության հռչակագրին, որտեղ իր հերթին հիշատակվում է Լեռնային Ղարաբաղի մասին:

Հայաստանի Սահմանադրական դատարանը 2024թ. սեպտեմբերի 26-ին կայացրած որոշման մեջ արձանագրել է, որ Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրին հղումը վերաբերում է հռչակագրի բացառապես այն դրույթներին, որոնք իրենց բառացի ամրագրումն են ստացել Սահմանադրության հոդվածներում։ ՀՀ Սահմանադրության որեւէ հոդվածում Լեռնային Ղարաբաղի մասին ոչ ուղղակի, ոչ անուղղակի հիշատակում չկա:

Եթե Սահմանադրության բովանդակությունն ընդունենք այնպես, ինչպես Ադրբեջանն է մեկնաբանում, այդ դեպքում հարց է ծագում, ինչո՞ւ 1995 թվականի սահմանադրական հանրաքվեին Ղարաբաղը չի մասնակցել, ինչո՞ւ այնտեղ ընտրական տեղամասեր չեն բացվել եւ մարդիկ չեն քվեարկել Սահմանադրության հարցով:

Նույնը կարելի է ասել դրանից հետո տեղի ունեցած ՀՀ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների մասին: Բացի այդ, եթե ՀՀ Սահմանադրության ադրբեջանական մեկնաբանությունը ճիշտ լիներ, ղարաբաղցի մեր քույրերին եւ եղբայրներին Հայաստանի Հանրապետության կողմից փախստական ճանաչելն անհնար կլիներ՛՛:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր