ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը՝ Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 8-րդ նախարարական հանդիպմանը․
«Հարգարժա՛ն նախարարներ,
Ձերդ գերազանցություններ,
Հարգելի՛ պատվիրակներ,
Ուրախ եմ ողջունել Ձեզ Երևանում՝ Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 8-րդ նախարարական հանդիպմանը:
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեր ներկայության համար, որն արտահայտում է ձեր հանձնառությունը՝ համագործակցելու միջմշակութային երկխոսության, մշակութային ժառանգության պահպանման և խաղաղության և ոչ բռնության մշակույթի հետ կապված հրատապ մարտահրավերների հասցեագրման գործում:
Հարգելի՛ գործընկերներ,
Հայաստանը հավատացած է, որ Հնագույն քաղաքակրթությունների ֆորումը բացառիկ հարթակ է մշակութային երկխոսության և փոխըմբռնման ու հանդուրժողականության ամրապնդման ուղղությամբ համագործակցության համար։ Պատմության ընթացքում քաղաքակրթությունները ծառայել են որպես մարդկային ստեղծարարության, գիտելիքի և էթիկական սկզբունքների կարևոր աղբյուրներ՝ մշակութային հիշողության շտեմարաններ, որոնք շարունակում են ձևավորել մեր հավաքական ինքնությունը: Մշակութային բազմազանությունը դնելով երկխոսության կենտրոնում՝ մենք ոչ միայն ընդունում ենք հնագույն քաղաքակրթությունների խոր ազդեցությունը ժամանակակից համաշխարհային մշակութային պատկերի ձևավորման վրա, այլ նաև բացահայտում, թե ինչպես նրանց ժառանգությունը կարող է մեզ ուղղորդել դեպի խաղաղություն, փոխադարձ հարգանք և ըմբռնում՝ միևնույն ժամանակ ընդունելով այլ մշակույթներն ու բազմազանությունը։
Այս բացառիկ հարթակը մեզ հնարավորություն է տալիս ոչ միայն անդրադառնալ բազմակողմ օրակարգի ավանդական թեմաներին, այլև ունի հսկայական չիրացված ներուժ՝ խթանելու միջմշակութային փոխանակումները և խաղաղության մշակույթը։
Մենք խորապես հավատացած ենք մշակութային դիվանագիտության գործիքների, կրթական նախաձեռնությունների, ինչպես նաև մշակութային և հոգևոր զբոսաշրջության փոխանակումների ուղղությամբ ներդրում կատարելու անհրաժեշտության մեջ՝ ատելության և բաժանման խոսույթներին հակազդելու համար։ Մասնավորապես, մշակութային զբոսաշրջությունը ծառայում է որպես արդյունավետ միջոց ժողովուրդների միջև շփումների և միջմշակութային երկխոսության համար՝ խթանելով համակրանքն ու մշակութային բազմազանության նկատմամբ անկեղծ գնահատականը:
համագործակցության և հավաքական ժառանգության պահպանման հարցում:
Ամփոփելով՝ Հայաստանը հպարտ է լինել այս հնագույն քաղաքակրթությունների ընտանիքի անդամ: Այս առավելությունն իր հետ բերում է մեծ պատասխանատվություն՝ պահպանելու մարդկության համատեղ ժառանգությունն ու պաշտպանելու այն արժեքներն ու ավանդույթները, որոնք կազմում են մեր աշխարհի քաղաքակրթական հիմքերը: Մենք շարունակելու ենք համագործակցել Ֆորումի անդամ պետությունների հետ՝ հանուն ավելի խաղաղ, արդար և ներդաշնակ ապագայի։
Հուսով եմ, որ Երևանում Ձեր գտնվելու ընթացքում դուք կվայելեք հայ ժողովրդի հազարամյակների մշակութային ժառանգությունը և այս ֆորումի անդամ բազմաթիվ երկրների հետ դրա քաղաքակրթական փոխազդեցության փաստագրված վկայությունները։
Շնորհակալություն»։