00:00:00

Կարգապահական վաշտում նմանը չունեցող դեպք է եղել, իսկ ՌՈ պետը դեռ պաշտոնավարում է, ու որևէ մեկը պատասխան չի տվել. Աբրահամյան

14:12, 16 նոյեմբեր 2024 Քաղաքականություն

Օրեր առաջ ՊՆ-ն հայտնեց, որ ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության բաժնի կարգապահական վաշտում հայտնաբերվել է զինծառայող Նարեկ Գրիգորյանի դին՝ կախված վիճակում։

 

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Այս միջադեպը նախորդ բոլոր դեպքերից տարբերվում էր նրանով, որ դեպքը տեղի է ունեցել այն բաժնում, որտեղ կարգապահական խնդիրներ ունեցող անձինք են տեղափոխվում և, ըստ տրամաբանության, նրանց հետ անհրաժեշտ աշխատանք է տարվում, բոլոր հարցերը համապատասխան ժամանակահատվածում շտկվում են, ինչից հետո վերոնշյալ զինծառայողները վերադարձվում են իրենց ծառայության վայրեր:

 

Սակայն, ոչ միայն տեղում անհրաժեշտ աշխատանք չի տարվել, այլև կարգապահական վաշտում տեղի է ունեցել աննախադեպ միջադեպ: 

 

Դժվար է մտաբերել, թե այս ողբերգությունից առաջ, արդյո՞ք ՌՈ-ում երբևէ նման դեպք տեղի է ունեցել, թե՞ ոչ: Ես ինքս չեմ մտաբերում: Եթե նման բան նույնիսկ արձանագրվել է, ապա անհիշելի ժամանակներում:

 

Միջադեպի պատճառները հուսով եմ՝ կպարզվեն, սակայն, պարզ չէ, թե ինչու է Ռազմական ոստիկանության պետը մինչև հիմա իր պաշտոնում է։

 

Կրկնում եմ՝ կարգապահական վաշտում նմանը չունեցող դեպք է տեղի ունեցել, սակայն ՌՈ պետը դեռ պաշտոնավարում է, ու որևէ մեկը դեռ պատասխան չի տվել, թե ինչպես է ստացվել, որ խիստ վերահսկողության տակ գտնվող անձը, ըստ պաշտոնական վարկածի, հնարավորություն է ունեցել ինքնասպան լինել:

 

Ինչո՞ւ է այդ զինծառայողը նման բարոյահոգեբանական վիճակում գտնվել, ինչո՞ւ չի վերահսկվել, ովքե՞ր են պատասխանատու նրան այդ վիճակին հասցնելու համար: Ու, ի վերջո, ո՞ւմ հանցավոր անգործության պայմաններում է զինծառայողն ինքնասպան եղել»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր