Այն, ինչ տեղի է ունեցել Գյումրիում, կոնկրետ քաղաքական անպատասխանատվության դրսևորում է: Այս պահին Գյումրիում, ըստ էության, չկա որևէ ղեկավար պաշտոնյա, նույնիսկ պաշտոնակատար: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այդ մարդիկ ազատ, արդար ընտրություններով մանդատ են ստացել, հայտ են ներկայացրել Գյումրին կառավարելու, հիմա իրենց քայլով Գյումրիում ստեղծել են ճգնաժամ, մի հատ էլ կողքից շահարկումներ են գնում, թե իշխանությունն է ճնշել, ստիպել:
Իշխանությունը ո՛չ ճնշել է, ո՛չ ստիպել է: Այդ մարդիկ որոշել են ուղղակի վատություն անել Գյումրիին, գյումրեցիներին, ՀՀ-ին, որովհետև ուրիշ կերպ չէր կարող, որովհետև հեռանալ էլ կարելի է, բայց հեռանալ այնպես, որ, ենթադրենք, աղբահանության պրոբլեմ չառաջանա,- ասաց Փաշինյանը և հավելեց. - Նրանք, ովքեր կասեն, որ իշխանությունը ճնշել է, որ մանդատ դնեն, հեռանան, կատարյալ սուտ է, այդպիսի բան չի եղել:
Գուցե, ընդհակառակը, փորձ է արվել իշխանությանը շանտաժի ենթարկել՝ ինչ-ինչ առավելություններ կամ արտոնություններ ունենալու կամ պահպանելու ուղղությամբ: Այդ շանտաժն ի սկզբանե չէր կարող անցնել»:
Փաշինյանը տեղեկացրեց՝ ՏԿԵՆ-ը վերջին շաբաթների ընթացքում ամենօրյա ռեժիմով աշխատում է Գյումրիում ճգնաժամը լուծելու ուղղությամբ, և աշխատավարձ տալու լուծում գտել են. «Կփորձենք 1 շաբաթվա մեջ մաքսիմում տեղավորվել և հետագա ցիկլն էլ կազմակերպել այնպես, որ գոնե այդ մասով խնդիրը լուծվի»: