00:00:00

Նոյեմբերի 9․ փաստաթղթից 4 տարի անց․ ընկած Արցախ, բռնագաղթած արցախցիներ և Բաքվում գերեվարված հայեր

06:45, 09 նոյեմբեր 2024 Քաղաքականություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2020 թվակնի նոյեմբերի 9-ին համատեղ հայտարարություն ստորագրեցին սեպտեմբերի 27-ի առավոտյան 7-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած և արդեն 44 օր ձգվող պատերազմն ու ռազմական գործողությունները դադարեցնելու մասին։

Հայտարարության համաձայն՝ մարտական գործողությունները պետք է դադարեցվեցին ժամը 01։00-ին։

Հայտարարության բովանդակությունը հետևյալն էր․

«Մենք՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն.Վ. Փաշինյանը, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի.Հ Ալիևը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ. Պուտինը, հայտարարեցինք հետևյալի մասին (լուսապատճենը կցվում է).

1. Հայտարարվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների դադարի մասին՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ի՝ Մոսկվայի ժամանակով ժամը 00:00-ից Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը, այսուհետ՝ Կողմեր, կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում:

2. Աղդամի շրջանը վերադարձվում է Ադրբեջանի Հանրապետությանը մինչև 2020 թվականի նոյեմբերի 20-ը:

3. Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ՝ թվով 1960 զինծառայող՝ հրաձգային զենքով, 90 զրահավոր փոխադրիչ մեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա:

4. Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է հայկական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ: Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի գտնվելու ժամկետը կազմում է 5 տարի՝ հերթական 5- ամյա ժամկետներով ավտոմատ կերպով երկարաձգմամբ, եթե Կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի սույն դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

5. Հակամարտության Կողմերի կողմից պայմանավորվածությունների կատարման նկատմամբ վերահսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ստեղծվում է հրադադարի վերահսկողության խաղաղապահ կենտրոն:

6. Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանի Հանրապետությանը վերադարձնում է Քելբաջարի շրջանը՝ մինչև 2020 թվականի նոյեմբերի 15-ը, իսկ Լաչինի շրջանը՝ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 1-ը: Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որն ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ և միաժամանակ շրջանցելու է Շուշի քաղաքը, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո:

Կողմերի միջև համաձայնեցմամբ՝ առաջիկա երեք տարիների ընթացքում սահմանվելու է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովող Լաչինի միջանցքով նոր երթուղու կառուցման պլանը՝ այդ երթուղու պահպանության նպատակով ռուսական խաղաղապահ զորակազմի հետագա վերատեղակայմամբ:
Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով տեղաշարժի անվտանգությունը:
7. Ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո:

8. Իրականացվում է ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց, ինչպես նաև զոհվածների մարմինների փոխանակում:

9. Ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները:

Կողմերի միջև համաձայնեցմամբ՝ ապահովվելու է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունն Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցություննների շինարարությունը:»։

Ռազմական գործողությունների հետևանքով նահատակվեցին հազարավոր հայորդիներ, որոնց թվում նաև՝ խաղաղ բնակչյությունը․ մանկահասակ երեխաներ, հղիներ, տարեց անձինք։

Նշենք, որ, ըստ էության, հայտարարության կետերից որևէ մեկը չպահպանվեց, այլ հակառակը՝ նոր գերիներ ունեցանք և նոր տարածքներ զիջվեցին Բաքվին։

Ադրբեջանը շարունակեց և դեռ շարունակում է իր ագրեսիան Արցախի և Հայաստանի նկատմամբ, որը հանգեցրեց Արցախի ամբողջական կործանման, հարյուր հազարավոր արցախցիների բռնագաղթի, ինչպես նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության, քաղաքացիական անձանց գերեվարման ու պատանդառման Բաքվի բանտերում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր