00:00:00

Բալասանյանի՝ «սաբոտաժը», ՔՊ–ի քննարկումներն ու քաղաքի կոլապսը․ ինչ է սպասվում այսօր

14:28, 23 հոկտեմբեր 2024 Քաղաքականություն

Irakanum.am–ն արդեն տեղեկացրել էր, որ  Գյումրու ավագանու «Բալասանյան» դաշինք խմբակցության ավագանու անդամները պատրաստվում են  մանդատները վայր դնել։ Հրաժարական կներկայացնի նաև Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը։ Ամենայն հավանականությամբ դաշինքն այսօր հայտարարություն կտարածի, իսկ ուրբաթ օրը՝ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը նիստ կգումարի և գործընթաց կսկսի։ Գյումրու մեր աղբյուրների փոխանցմամբ «Բալասանյան» դաշինքում քննարկում են անգամ վարչության պետերի աշխատանքից ազատման հարցը, ինչը քաղաքային կառավարումը կոլապսի կենթարկի։

Այս ամբողջ գործընթացը պայմանավորված է Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի շուրջ տեղի ունեցող իրավական գործընթացներով։ Այս տեղեկությունը փորձեցինք ճշտել Գյումրու քաղաքապետի մամուլի խոսնակից, սակայն վերջինս մեր հեռախոսազանգերին չպատասխանեց։ Որեւէ կերպ կապի դուրս չեն գալիս նաև ավագանու անդամները, սակայն մեզ հայտնի դարձավ, որ նրանցից մի քանիսը երկրում չեն եղել և նրանց երեկ տեղյակ են պահել շտապ վերադառնալ Հայաստան։

Հիմա այն մասին, թե ինչ զարգացումներ կլինեն, եթե ի վերջո «Բալասանյան» դաշինքի անդամներն ամբողջ կազմով վայր դնեն մանդատները, հրաժարական ներկայացնի քաղաքապետն ու վարչության պետերը։ Նախ, որ ՔՊ–ն տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ հստակ դիրքորոշում չի հայտնում, սակայն արդեն իսկ նեղ «կռուգում» կարծիքներ են հայտնել, որ այս ամենը սաբոտաժ է Սամվել Բալասանյանի կողմից։ Վերջինս էլ ոչ ուղիղ հերթական քաղաքական առևտուրն է առաջարկել իշխանությանը, այն է՝ դադարեցնում է իր և իր մերձավորների նկատմամբ իրավական գործընթացները, իրենք անցնցում կհանձնեն իշխանությունը։

Եթե այնուամենայնիվ պայմանավորվածություն ձեռք չբերվի երկու ուժերի միջև, ապա նոր քաղաքապետը մինչև ընտրություններ կընտրվի միայն այն պարագայում, երբ նիստին ներկա լինեն նաև ավագանու մյուս խմբակցությունների ներկայացուցիչները՝ «Ապրելու երկիրը», «Զարթոնքն» ու ՀՀԿ–ն։ Վերջիններս ևս որեւէ կերպ չեն մեկնաբանում զարգացումները, առաջարկելով սպասել մինչև կլինի «Բալասանյան» դաշինքի հայտարարությունը։ Բայց եթե այս սցենարը զարգանա, ապա ՔՊ–ն քաղաքապետի պաշտոնում առաջարկելու է նախկին փոխքաղաքապետ Արթուր Պապիկյանը, որը Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ազգականն է։ Նրան Գյումրիում ընդունում են, ի տարբերություն մյուս՝ նախկին փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանի, ով Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռն է։ Բացի այդ նրա թեկնածությունը ՔՊ–ն առաջադրել չի կարող, քանի, որ Մկրտչյանը ավագանու անդամ չէ։

Այս պահին քննարկվում է մեկ այլ սցենար, Գյումրու քաղաքապետի հնարավոր հրաժարականից հետո քաղաքապետ կընտրվի երկու ուժերի հետ ուղիղ կապ չունեցող Վարդևան Հակոբյանը, ով «Զարթոնք» խմբակցությունից դուրս է եկել և հիմա լավ հարաբերություններ ունի ՔՊ–ի հետ։ Հակոբյանը նախկին ԱԱԾ–ական է։ ՔՊ–ում հույս ունեն, որ գոնե այս երկու սցենարներից մեկը կյանքի կկոչվի, նախ այն պատճառով, որ իրենք ևս պատրաստ չեն արտահերթ ընտրությունների ու մտավախություն ունեն, որ հասարակությունը չի ների իրենց քաղաքային կառավարումը տապալելուն շատ ուղիղ նպաստելու մեջ։

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր