00:00:00

Ադրբեջանն արդեն լավ է ճանաչում Հայաստանի գործող կառավարիչներին և անընդհատ սեղմելու է օղակը․ Տիգրան Աբրահամյան

16:42, 22 հոկտեմբեր 2024 Քաղաքականություն

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը ԱԺ-ում․

 

«Ինչպես և կանխատեսելի էր, Ադրբեջանն, այսպես կոչված խաղաղության պայմանագրի անվան տակ, նորանոր պահանջներ է իջեցնում հայ-ադրբեջանական բանակցային օրակարգ:

 

Պաշտոնական Բաքուն շարունակում է պնդել, որ իր գլխավոր նախապայմանը ՀՀ սահմանադրության փոփոխությունն է ու սա այն պարագայում, որ իշխանությունը ևս առանձնապես դեմ չէ այդ փոփոխությանը ո՛չ քաղաքական, ո՛չ բովանդակային, ոչ էլ գաղափարական առումով և միակ վերապահումը, մեծ առումով, ժամկետներն են:

 

Որքան էլ որ արտաքուստ տարօրինակ հնչի, Ադրբեջանին այս պահին պետք էլ չէ, որ Հայաստանն իր սահմանադրությունն արագ փոփոխի, հատկապես որ դա տեխնիկապես էլ հնարավոր չէ կարճ ժամկետում կազմակերպել:

 

Ադրբեջանն օգտագործելու է այս ժամանակահատվածը՝ Հայաստանին ագրեսոր, ապակառուցողական կողմ հռչակելու և նոր զիջումներ կորզելու համար:

 

Ինչքան էլ Հայաստանի իշխանությունը հայտարարի, թե զիջումների առումով այլևս տեղ չկա կամ դա արդեն ինքնիշխանության խնդիր է առաջացնում, գործող իշխանության այս 6 տարիների գործունեությունը վաղուց է մեր երկրի համար ոչ միայն ինքնիշխանության, այլ տարածքային ամբողջության և անվտանգության խորը խնդիրներ առաջացրել:

 

Մյուս կողմից, Ադրբեջանն արդեն լավ է ճանաչում գործող կառավարիչներին՝ իրենց էությամբ, խոցելիությամբ և անսկզբունքայնությամբ և, բնականաբար, օգտվելով իրավիճակից, անընդհատ սեղմելու է Հայաստանի շուրջ օղակը:

 

Կարմիր գծե՞ր, պետական շահե՞ր, ժողովրդի կամքի արտահայտո՞ւմ․ այս իշխանության կենաց-մահու կռիվը, պայքարը միայն սեփական ժողովրդի դեմ է և, ըստ այդմ՝ եղած ողջ ռեսուրսներն ուղղվում են այդ խնդրի կատարմանը: Այդ ամենն ուղեկցվում է շանտաժով, լուտանքներով, վիրավորանքներով, իսկ որոշ դեպքերում՝ մարդկանց ազատությունից զրկելով:

 

Իսկ Ադրբեջանի հետ քաղաքական-քարոզչական պայքարում իշխանությունը բացառապես հեզ է, անտրտունջ, սիրալիր, և վերջը չերևացող զիջողական, ու դա այն դեպքում, որ ի պատասխան, Ադրբեջանից մշտապես ստանում է ապտակներ, անարգանք և խարխլված պայմանավորվածություններ:

 

Վստահ եմ, որ իշխանության ներսում էլ այս պարզ ճշմարտությունները գիտակցողներ ու մտահոգվողներ կան, և իշխանության վերնախավն էլ գիտի, որ սա լավ տեղ չի տանելու, սակայն անձնական կամ նեղ խմբային շահերը գերակա են հռչակվել, և պետության հաշվին Հայաստանի դիմադրողականությունն է մաշեցվում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր