00:00:00

«Մեկ տարի առաջ ավելի քան 100 հազար էթնիկ հայ բռնի տեղահանվեց Լեռնային Ղարաբաղից»․ ՄԻՊ Մանասյան

20:57, 23 սեպտեմբեր 2024 Իրավական

ՄԻՊ գրասենյակը ներկայացրել է Անահիտ Մանասյանի հայտարարությունը Արցախից մեր հայրենակիցների բռնի տեղահանման տարելիցի կապակցությամբ․

«Մեկ տարի առաջ՝ 2023 թվականի սեպտեմբերի 24-30-ը, ավելի քան 100 հազար էթնիկ հայ բռնի տեղահանվեց Լեռնային Ղարաբաղից:

Այդ իրադարձությունը շարունակվող մարդկային տառապանքի վկայություն էր և իրավունքների կոպտագույն խախտումների հետևանք։ Մարդու իրավունքների պաշտպանության առումով այն արտակարգ իրավիճակ էր, որը պահանջում էր արագ արձագանք և նոր մեթոդաբանությամբ աշխատանք՝ նպատակ ունենալով երաշխավորել բռնի տեղահանված անձանց իրավունքները անվտանգ ու արժանապատիվ պայմաններում։

2023 թվականի սեպտեմբերին աշխատակազմի հետ անձամբ եմ եղել Գորիսում, Կոռնիձորում և Վայքում` տեղում ծանոթանալու բռնի տեղահանված անձանց խնդիրներին և գտնելու դրանց համար շուտափույթ լուծումներ. աշխատանքներն իրականացվել են նաև գիշերային ժամերին։ Այնուհետև շարունակել ենք այցերը բռնի տեղահանված անձանց ժամանակավոր կացարաններ, այդ թվում` իրականացրել ենք միջազգային դերակատարների հետ համատեղ այցեր։

Հարյուրավոր մարդկանց հետ զրույցների արդյունքում ստացվել են տեղահանմանը նախորդող ժամանակահատվածում քաղաքացիական անձանց շրջանում մահվան, խոշտանգումների, մարմինների անարգման, անդամախեղման և վատ վերաբերմունքի՝ միջազգային իրավունքով արգելված այլ դեպքերի մասին տեղեկություններ: Փաստագրված տեղեկություններն ամփոփվել են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում, որը, իսկությունն ապացուցող խորհրդապահական հատվածով, իմ կողմից ներկայացվել է մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կազմակերպություններին և դերակատարներին։ Ավելին, ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը (պաշտոնավարել է 2018 թվականի ապրիլի 1-ից մինչև 2024 թվականի մարտի 31-ը) 2024 թվականի հունվարի 12-ին խնդրի վերաբերյալ հրապարակել է իր դիտարկումները՝ հղում անելով նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցում նկարագրված բռնությունների, խոշտանգումների և անդամախեղումների դեպքերին:

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունը մնում է մեր հաստատության աշխատանքի կարևոր ուղղություններից մեկը, ինչն ապացուցվում է փոքր թիմի ամենօրյա մեծածավալ աշխատանքով: Այս համատեքստում կարևոր եմ համարում ընդգծել, որ մեր բոլոր գործողություններն ուղղված են մարդկանց արժանապատիվ պայմաններում ապրելու իրավունքի երաշխավորմանը, սոցիալական ու կրթական իրավունքների լիարժեք պաշտպանությանը, առողջապահական և հոգեբանական ծառայություններից օգտվելու հարցերում աջակցության տրամադրմանը և մեր մանդատին վերաբերելի մի շարք այլ հարցերի։ Այս տարվա ընթացքում մենք հատուկ ուշադրություն ենք դարձրել նաև երեխաների, կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը՝ փորձելով ընդգրկել նրանց աջակցության համապատասխան ծրագրերում։

Չնայած տեղահանված անձանց կյանքի որակը բարելավելու և նրանց իրավունքները լիարժեքորեն վերականգնելու ուղղությամբ պետության կողմից իրականացվող աշխատանքներին՝ ոլորտում անելիքները դեռ շատ են։ Չափազանց կարևոր է մեր հայրենակիցներին ցույց տալ, որ իրենք մենակ չեն, գտնվում են պետության և յուրաքանչյուրիս ուշադրության ներքո և իրենց իրավունքների պաշտպանության համար գործում են հստակ կառուցակարգեր։ Այս համատեքստում անհրաժետ է շարունակել աշխատանքները նաև գտնվելու վայրն անհայտ անձանց ճակատագրերը պարզելու ու նրանց ընտանիքների իրավունքներն ապահովելու ուղղությամբ։

Ինչ վերաբերում է Ադրբեջանում պահվող` ազատությունից զրկված էթնիկ հայերին, բազմիցս եմ արձանագրել, որ նրանց հիմնարար իրավունքներին միջամտությունը տեղի է ունենում միջազգային իրավական չափանիշների և երաշխիքների կոպտագույն խախտումներով։

Էթնիկ հայերի նկատմամբ ատելության մթնոլորտի և անմեղության կանխավարկածի խախտման պայմաններում նրանց հիմնարար իրավունքներն Ադրբեջանում չեն կարող երաշխավորված լինել, իսկ գործերի պատշաճ քննությունն արդար դատաքննության պահանջներին համապատասխան՝ արդար և անկողմնակալ դատարանի կողմից չի կարող ապահովվել։

Կարևոր է, որպեսզի բոլոր դերակատարներն, այդ թվում` մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային դերակատարները, ակտիվ ջանքեր գործադրեն Ադրբեջանում ազատությունից զրկված էթնիկ հայերի իրավունքները երաշխավորելու և նրանց վերադարձն ապահովելու ուղղությամբ։

Սիրելի´ հայրենակիցներ,

Վստահ եմ` պետք է համախմբվենք և աջակցենք միմյանց՝ իրար հանդեպ կարեկցանքի, համերաշխության և միասնության ոգով»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր