00:00:00

Ինչու՞ Աննա Հակոբյանը խայտառակեց գլխավոր դատախազին ու ՄԻՊ-ին

19:37, 10 սեպտեմբեր 2024 Քաղաքականություն

Աննա Հակոբյանի հովանավորչության ներքո, որպես իշխանական ընտանիքի խոնարհ ծառա, վարկաբեկվեցին Հայաստանի ամենաանկախ և ամենալուրջ պաշտոններ զբաղեցնող երկու տիկնայք՝ գլխավոր դատախազն ու մարդու իրավունքների պաշտպանը։ Աննա Վարդապետյանի ու Անահիտ Մանասյանի շնորհիվ այս երկու պաշտոններն իհարկե վաղուց են դարձել Փաշինյանի իշխանության ամենակախյալ և անլուրջ ինստիտուտները։ Ոչ մի պախարակելի բան չկա նրանում, որ պաշտոնյաները հանդիպեն երկրի առաջին տիկնոջը։ Բայց խոնարհ հարսի պես կանգնել ու դիմավորել վարչապետի տիկնոջը երբ դու գլխավոր դատախազ ես, պարզապես զավեշտալի է։ Չնայած Աննա Վարդապետյանը վաղուց է խոստովանել, որ գլխավոր դատախազի պաշտոնում նշանակվելուց հետո էլ շարունակում է զեկուցել վարչապետին, թքած ունենալով իր սահմանադրական անկախության վրա։ Պարզ է որ նման դատախազը ոչինչ չէր ձեռնարկի քաղաքացու վրա թքող Ալեն Սիմոնյանի դեմ, պարզ է նաև, որ ոչ մի վարույթ չէր սկսի օր օրի կասկածելիորեն հարստացող ՔՊ որոշ պաշտոնյաների՝ այդ թվում երկրի թիվ մեկ աներձագի դեմ։

Հո մինչև գետին չէր խոնարհվի Աննա Հակոբյանի առջև ու ստուգեր նրա եղբոր՝ Հրաչ Հակոբյանի գույքային ներկա վիճակի օրինականությունը։ Իսկ վարչապետի կնոջ ու գլխավոր դատախազի սեղանի կենացներն իր երգերով քաղցրացնող մարդու իրավունքների պաշտպանը, հո հայտարարություն չէր տարածի այդ նույն դատախազության երկակի ստանդարտներով աշխատելու մասին, նման օմբուդսմենը նաև չէր պախարակի գլխավոր դատախազին մի շարք կարևոր գործեր թաղելու համար։

Օրինակ սեղանին երգելու արանքում կարող էր չէ՞ հարցնել, թե ինչ եղան Արգիշտի Քյարամյանի կողմից ծեծի ենթարկված Տիգրան Առաքելյանի, Սամվել Վարդանյանի նկատմամբ խոշտանգումների, ոստիկանության կողմից պատգամավորներին ծեծի ենթարկելու ու մնացած այլ բռնաճնշումների մասին հայտարարություններով հարուցված գործերը։

 Այսպիսի անկախ պաշտոնյաները կարող են միայն թաթիկներով անել և հոգեցունց աջակցություն բերել հաշմանդամություն ունեցող երեխաներին։ Ժամանակին Արման Թաթոյանն էլ մարդու իրավունքների այդպիսի պաշտպան էր։ Երբ իր սիրելի շեֆ Սերժ Սարգսյանն էր երկրի ղեկավար, նա էլ զբաղված էր միայն հաշմանդամություն ունեցողների, ադրբեջանական ագրեսիաների ու երեխաների իրավունքներով։

Նման չինովնիկները երբեք չեն մտնում իրենց համար իսկապես ռիսկային թեմաների մեջ։ Պետք է հասկանալ թե ինչու են երկու այդպիսի բարձրաստիճան պաշտոնյաներ համաձայնվել այդպես վարքաբեկվել: Ըստ իմ լավատեղյակ աղբյուրների, Աննա Վարդապետյանը հայտնվել է շատ ծանր վիճակում:

Օդում պտտվող լուրերի համաձայն նա ունի շատ քինոտ և չար բնույթ, այդ պատճառով նրան չեն ընդունում դատախազության ներսում, իսկ իրավապահ համակարգի գործընկեր կառույցները պարզապես մեկուսացրել են նրան: Աննա Հակոբյանը միակ լուրջ ֆիգուրն է, ով սոցիալական ծրագրերի շրջանակում կարող է իր կողքին հանդուրժել Աննա Վարդապետյանին, այն էլ իբրև բարեգործություն երբևէ եղած ամենաթույլ գլխավոր դատախազի համար: Այսինքն դատախազ Աննայի համար առաջին տիկին Աննան յուրահատուկ մի քաղաքական փրկողակ է, չէ որ երբ չես կարողանում քո գործով ու արդյունքներով գոհացնել վարչապետին ու պետական համակարգին, գոնե կարող ես մի ազդեցիկ հովանավոր գտնել և նրա փեշի տակ թաքնվել հնարավոր հարվածներից:

 Առաջին տիկինն էլ հաճախ է իր հովանին փռում տարբեր խոցելի խմբերի՝ այդ թվում ձախողած պաշտոնյաների վրա: Իսկ ինչ գործ ունի այս ամենի հետ օմբուտսմենը: Կուլիսներում ասում են Անահիտը լավ և գրագետ կին է, բայց գտնվում է իր ընկերուհի ու նախկին շեֆ Վարդապետյանի ազդեցության տակ: Մարդու իրավունքների ներկայիս պաշտպանը բացարձակապես զուրկ է քաղաքական հոտառությունից և չի կարողանում ադեկվատ ելույթներ ունենալ, պատասխանել լրագրողների հարցերին, ինչպես նաև հասկանալ որ երկու Աննաների սեղանի երգելը ոչնչացնում է իր հանրային իմիջը: Այսպիսով, միամիտ օմբուտսմենը «չար» դատախազի ազդեցության տակ փոշիացրեց բարձր կառույցի երբեմնի հեղինակությունը: Այս ամենից շահեց միայն վարչապետի տիկինը, ով իր շքախմբում երգացնելով, պարացնելով, սեղանների շուրջ նստեցնելով տարբեր պաշտոնյաների և ամենուրեք ուղեկցելով ամուսնուն օր օրի վերածվում է լրջագույն քաղաքական գործոնի:

Մանուկ Նիգոյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր