Լեհաստանի դատախազության հայտարարությունից հետո, ըստ որի Գերմանիայի խնդրանքով չի կարող ձերբակալել «Հյուսիսային հոսք 1» և «Հյուսիսային հոսք 2» գազատարներում պայթյունների մեջ կասկածվող ուկրաինացուն, Բեռլինը որոշեց դրան հետամուտ լինել Լեհաստանի կառավարության մակարդակով: Սակայն ապարդյուն, գրել է The Wall Street Journal պարբերականը՝ վկայակոչելով աղբյուրները։
«Գերմանացի քննիչներից և քաղաքական գործիչներից ոմանք պնդում են, թե Լեհաստանի իշխանությունները միտումնավոր փորձել են խափանել հետաքննությունը: Դեռ անցյալ տարի Լեհաստանի իշխանությունները հրաժարվեցին տեսահսկման կադրեր տրամադրել լեհական նավահանգստում խարիսխ գցած զբոսանավի մասին:
Լեհաստանի ներքին անվտանգության ABW ծառայությունը մերժել է այդ պնդումները և հայտարարել, որ նման տեսագրություններ գոյություն չունեն, գրում է գերմանական Deutsche Welle պարբերականը:
Բեռլինը հունիսին Վարշավա է ուղարկել պայթյունների մեջ կասկածվող ուկրաինացի ջրասուզորդ Վլադիմիր Ժուրավլյովի ձերբակալման հրամանագիրը:
Սակայն լեհ դատախազները հրաժարվել են ձերբակալել նրան, քանի դեռ Ներքին անվտանգության գործակալությունը գործը չի վերանայել:
Հուլիսի 2-ին Բեռլինի կառավարական պատվիրակությունը՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի գլխավորությամբ, այցելել է Վարշավա՝ Լեհաստանի կառավարության հետ համատեղ նսիտի համար։
Այցի ընթացքում գերմանական կողմը լեհ գործընկերներին հորդորել է ապահովել հրամանի կատարումը։
Սակայն հուլիսի 6-ին կասկածյալը լքել է Լեհաստանի տարածքն ու մեկնել է Ուկրաինա, The Wall Street Journal -ին հայտնել է հետաքննությանը ծանոթ աղբյուրը։ Այնտեղ ևս երկու կասկածյալներ կան՝ «Scuba Family» ստորջրյա լողի դպրոցի հիմնադիրներ Եվգենի Ուսպենսկին և նրա կինը՝ Սվետլանան։