Հայաստանում վերջին շաբաթվա ընթացքում կարմրուկի լաբարատոր դեպք չի գրանցվել: Սակայն դա չպետք է առիթ հանդիսանա զգոնությունը թուլացնելու համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՎԿԱԿ իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանը՝ նշելով, որ վերջին շաբաթների ընթացքում, իհարկե, դիտվում է կարմրուկի դեպքերի գրանցման նվազում, սակայն, ըստ նրա՝ դա չպետք է հանգստացնի բնակչությանը և առողջապահական համակարգին, քանի որ դեռ ամբողջ աշխարհում և Հայաստանում առկա է կարմրուկի առումով անբարենպաստ համաճարակային իրավիճակ:
«Տարվա սկզբից մինչ օգոստոսի 19-ը հանրապետությունում գրանցվել է կարմրուկի լաբորատոր 546 դեպք, որոնցից 327-ը երեխաներ են, իսկ 219-ը՝ մեծահասակներ: Օգոստոսի 12-19-ը ընկած ժամանակահատվածում կարմրուկի լաբարատոր հաստատված դեպքեր չեն գրանցվել:
Ակնկալում ենք, որ աշնան ամիսներին որոշակի աշխուժացում էլի կլինի՝ պայմանավորված ինչպես բերովի դեպքերով, այնպես էլ բնակչության շրջանում ակտիվ տեղաշարժերով:Այս համատեքստում մեկ անգամ ևս կրկնեմ, որ կարևորվում է պատվաստումների դերը, քանի որ կարմրուկն այն վարակիչ հիվանդությունն է, որը կարելի է կանխարգելել պատվաստումների միջոցով»,- նշեց Սվետլանա Գրիգորյանը:
Հայաստանում կարմրուկի դեմ պատվաստումները ներառված են պատվաստումների ազգային օրացույցում:
Առաջին դեղաչափը իրականացվում է 12 ամսականում, երկրորդը՝ 4-6 տարեկանում, և այս երկու դեղաչափը բավարար է ամբողջ կյանքում կարմրուկից պաշտպանված լինելու համար:
UNICEF-ը ներկայացրել է ամբողջ աշխարհում առկա վերջին հասանելի տվյալները, ըստ որի 2024 թվականի առաջին երեք ամսվա ընթացքում ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի 53 երկից 45-ում պաշտոնապես գրանցվել է կարմրուկի 56 հազար 634 դեպք և 4 մահ։ Հայաստանում մահվան 1 դեպք է գրանցվել 2023 թվականին:
Կարմրուկն աշխարհի ամենավարակիչ հիվանդություններից է, որը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով: Վիրուսը շարունակում է վարակիչ լինել օդում կամ վարակված մակերեսի վրա մինչև 2 ժամ։
Վիրուսի նկատմամբ իմունիտետ չունեցող անձը կարող է վարակվել:Ցանը հիվանդության ամենատեսանելի ախտանշանն է, սակայն բարդությունները կարող են լուրջ վտանգ ներկայացնել առողջությանը` ականջի բորբոքում, թոքաբորբ, փորլուծություն և դրա հետ կապված ջրազրկում, կուրություն, էնցեֆալիտ:
Կարմրուկը ծանր ազդեցություն է թողնում երեխաների առողջության վրա, ընդ որում` վաղ տարիքի երեխաներն առավել խոցելի են կարմրուկի բարդությունների նկատմամբ։ Հոսպիտալացման բարձր ցուցանիշները և իմունային համակարգի երկարատև թուլացումը երեխաներին դարձնում են ավելի խոցելի այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ։
2023 թվականին ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում կարմրուկով վարակվածների կեսից ավելին հոսպիտալացվել է, ինչը ցույց է տալիս, թե ինչ ծանր բեռ են կրում անհատները, ընտանիքներն ու առողջապահական համակարգերը:
Կարմրուկի դեպքերն աճում են ամբողջ աշխարհում: 2023-ին կարմրուկի ավելի քան 300,000 դեպք է գրանցվել աշխարհում, իսկ 2024-ին գրանցված թվերը ցույց են տալիս, որ տարվա ընդհանուր թիվը կհավասարվի կամ կգերազանցի 2023-ինը:
Երկրների և մայրցամաքների միջև վիրուսի ներմուծումը պարբերական բնույթ ունի, և այս խիստ վարակիչ հիվանդության բռնկումները տեղի կունենան այնտեղ, որտեղ դրա համար «պարարտ հող կգտնվի»՝ կլինեն մեկ դեղաչափով կամ ընդհանրապես չպատվաստված անձինք: