«Իրավունք» թերթը գրում է. «Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ զգուշացնելով, որ եթե տեղյակ չէ, իմանա, որ, կարծես թե, արդեն ունենք նոր վարչապետ:
Չգիտեմ՝ իրեն այդ մասին ասե՞լ են, թե` չէ: Բայց եթե Նիկոլ Փաշինյանը հեռախոս եւ ինտերնետ ունի, կարող է մտնել ՀՀ քննչական կոմիտեի ֆեյսբուքյան էջ: Որ մտնի, մեր վարչապետացուին կտեսնի՝ Արգիշտի Քյարամյան: Ինքը լրիվ դերի մեջ է: Եվ ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի՝ գեներալի կոչում եւ համազգեստ ունի:
Բայց մի անգամ այն վարչապետի այցելություն է իրականացրել Գեղարքունիքի մարզ: Քննչական կոմիտեի ղեկավարը մարզային այցելությունների ինչի՞ է գնում: Ինքն այնտեղ ունի մի ստորաբաժանում, որտեղ կա շատ շատ 10-12 աշխատող:
Բայց իրեն դիմավորել է մարզպետը: Միայն տեսնեք, թե նրան ինչ կարգի ընդունելություն է կազմակերպվել:
Գնում է մարզային այցելության, որտեղ տարազով երեխաներ են կանգնած, ու ինքը պետք է նրանց միջով անցնի: Դա նշանակում է, որ ինչ-որ մեկը դա կազմակերպել է, չէ՞, այն էլ արձակուրդի շրջանում, երբ այդ երեխաները պետք է ճամբարներում, իրենց տատիկների տանը լինեին:
Լրատվությանը նայեք. Արգիշտի Քյարամյանը ծաղիկներ է դրել զոհվածների շիրիմին, այցելել է նկարների ցուցահանդես… Երեւան քաղաքի վարչության համար էլ եկտրամոբիլներ են գնել, որոնց հանձնման արարողությունը տեղի է ունենում Գեղարքունիքի մարզում: Այսինքն, Երեւանի վարչության համար գնված մեքենաները քշել, հասցրել են Գեղարքունիք, որպեսզի այնտեղ հանձնեն Երեւանի վարչությանը, որպեսզի հետո քշեն, բերեն Երեւան: Եվ ինչի համա՞ր: Որպեսզի լուսանկարները շատանան, որպեսզի այցելության նշանակությունը մեծանա:
Գեղարքունիքի մարզն էլ, որ նայում ես, առավոտից երեկո կրիմինալը չի պակասում: Այսինքն, ուժային կառույցները լավ չեն աշխատում»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։