00:00:00

Նոր ցեմենտի գործարան՝ վտանգավոր հետևանքներով․ բնապահպանների ահազանգը

15:31, 04 հուլիս 2024 Տեսանյութեր

Վեդի խոշորացված համայնքում «Օրդ գրուպ» ընկերության կողմից հնարավոր կառուցվելիք ցեմենտի գործարանի շուրջ աղմուկը չի դադարում։ Ընկերությունը համայնքապետարանում թվով երրորդ հանրային քննարկումն է իրականացրել, ու հերթական անգամ դա արվել է ինչպես Վեդիի բնակիչների, այնպես էլ ազդակիր համայնքների ապրողների թիկունքում։ Առաջին անգամը չէ, որ ընկերությունը նման գործելաոճով է փորձում իր գործերն առաջ տանել։ Ամիսներ առաջ էինք անդրադարձել թեմային, երբ այսպես ասած հանրային քննարկումը փորձ արվեց իրականացնել ոստիկանական պատի ներքո։ Այդ ժամանակ էլ բնակիչներին արգելվեց ներս մտնել, իրավիճակը լարված էր։

Ու նույն ձեռագրով ըստ էության հերթական լսումն է իրականացվել, որի մասին այս անգամ բարձրաձայնում են բնապահպաններն ու ազդակիր համայքների ակտիվները։ Մասնավորապես Այգեզարդ գյուղի նախաձեռնող խմբի համակարգող Արփինե Խաչատրյանն ասում է՝ բնակիչները տեղյակ չեն եղել համայնքապետարանում հրավիրված ոչ առաջին, ոչ երկրորդ ոչ էլ երրորդ հանրային լսումների մասին։ Այն, որ ցեմենտի նոր գործարան են ուզում կառուցել առանց հաշվի առնելու բնակիչների կարծիքներն ու առկա մտահոգությունները, ինքին փաստում է՝ ընկերության նպատակներն ազնիվ չեն։

Էկոլոգ, իրավաբան Նազելի Վարդանյանի խոսքով էլ՝ արատավոր այս պրակտիկային պետք է վերջ տալ։ Օրհունսի կոնվենցիան հստակ սահմանում է՝ հանրային իրազեկումը պետք է պատշաճ իրականացվի, ոչ թե նմանատիպ հայտարարությունները զուտ տեղադրվեն համայնքապետարանի պաշտոնական կայքում, ու շատ ժամանակ լսումներից մեկ օր առաջ։

Ինչպես Վեդու համայնքապետարանում կազմակերպված լսումների մասնակիցներն, այնպես էլ բնապահպանները  հայտարարում են, որ մարզում արդեն իսկ երկու ցեմենտի գործարան կա, երրորդը ոչ միայն ավելորդ է, այլև՝ խիստ վտանգավոր ու ռիսկային և կարող է բնապահպանական լրջագույն վնաս հասցնել համայնքին: Այս ամենին զուգահեռ խիստ տարօրինակ համարում Վեդի խոշորացված համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանի չակերտավոր լռությունը։ Նա լսումներին որեւէ կերպ չի մասնակցում։ Սա իհարկե ոչ այն պատճառով, որ թեման կոկորդիլոսաբուծությանը չի վերաբերում, այլ այն, որ Սարգսյան Գարիկին ըստ բնակիչների նախկինում հայտնած կարծիքների համայնքին հուզող խնդիրները չեն մտահոգում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր