Irakanum.am–ն արդեն տեղեկացրել էր, որ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի որոշմամբ զբաղեցրած պաշտոնից ազատվել է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը։ Վերջինս հիմնադրամի ղեկավարի պաշտոնին նշանակվել էր 2022 թվականին։
Նա 2020թ. մայիսից մինչ 2022թ. փետրվարի 7-ը եղել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի խորհրդականը։
Մեր ունեցած հավաստի տեղեկություններով վերջին շրջանում խիստ լարվել էին Գնել Սանոսյանի և Գոռ Ավետիսյանի հարաբերությունները, ինչն առաջացրել էր շատերի զարմանքը, հատկապես, որ Սանոսյանն ու Ավետիսյանը համագյուղացիներ են։
Սանոսյանը մեր աղբյուրի փոխանցմամբ դեռ ամիսներ առաջ էր որոշել ազատվել Գոռ Ավետիսյանից, քանի, որ նպատակ ունի «յուղոտ» պաշտոնին իր մտերիմներից մեկին նշանակել։ Սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ առանց այն էլ ՏԿԵ–ում նրան չեն ընդունում, որոշել է կրքերը մի փոքր հանդարտվի և համեմատաբար հանգիստ քաղաքական շրջանում ազատվել Ավետիսյանից։
ՏԿԵ նախարարի մամուլի խոսնակ Սոնա Հարությունյանն իհարկե հերքեց այս տեղեկությունը։ «Որեւէ լարված հարաբերություն չեն եղել, ներկայում էլ չկան, Ավետիսյանն էլ ազատվել է սեփական դիմումի համաձայն»,– ասաց նա։
Նշենք, որ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տնօրենի ԺՊ է նշանակվել Գոռ Ավետիսյանի տեղակալը՝ Սերժիկ Պետրոսյանը։ Սա իհարկե այնքան ժամանակ, մինչև նոր տնօրենը գա։
Irakanum.am