00:00:00

ԱԳՆ շենքի դիմաց կատարված խուլիգանության դեպքի վարույթով նախաքննությունը, 3 անձի մասով, ավարտվել է

17:04, 14 հունիս 2024 Իրավական

Ավարտվել է մայիսի 31-ին ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց կազմակերպված ակցիայի ընթացքում մի խումբ անձանց կողմից կատարված խմբակային խուլիգանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը՝ երեք անձի մասով։

 

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում կատարված քննությամբ հիմնավորվել է, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման շրջանակներում, 2024 թվականի մայիսի 31-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց կազմակերպված ակցիայի ընթացքում, մի խումբ անձինք, այդ թվում Վայոց Ձորի 27 և 20–ամյա բնակիչները, Սյունիքի մարզի 39–ամյա բնակիչը, խուլիգանություն կատարելու ուղղակի դիտավորությամբ, հասարակության նկատմամբ անհարգալից, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, անտեսելով ոստիկանության ծառայողների կողմից պատշաճ վարքագիծ դրսևորելու և հասարակական կարգը չխախտելու պահանջները, անպարկեշտ արտահայտություններ և հայհոյանքներ են հնչեցրել, շիշ և տարբեր առարկաներ նետել տեղում ծառայություն իրականացնող՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների և ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի ուղղությամբ:

 

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա վերոնշյալ երեք անձանց մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։ Նրանցից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, մեկի նկատմամբ՝ տնային կալանքը։

Հիշյալ մեղադրյալների վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին։

 

Խուլիգանության մյուս մասնակիցների ինքնությունը պարզելու, նրանց գործողություններն անհատականացնելու և դրանց համապատասխան իրավական գնահատական տալու ուղղությամբ նախաքննությունը շարունակվում է։

 

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր