Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 14-ի նիստում որոշեց թույլատրել ՀՀ քաղաքաշինության կոմիտեին՝ Գողթանիկ գյուղում մոդուլային կրթահամալիրի նոր շենքի կառուցման կապալային աշխատանքների ձեռք բերման նպատակով հայտարարված գնման ընթացակարգը հայտարարել չկայացած՝ գնման պահանջի դադարման հիմքով:
Նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է Գողթանիկի դպրոցահասակ երեխաների սակավաթվության հիմքով դպրոցի նոր շենքի կառուցման աննպատակահարմար լինելով։
Փոքրաքանակ երեխաներով համալրված մոդուլային դպրոցների (կրթահամալիրների) կառուցման ծրագրով բնակավայրերը ընտրվել են հետևյալ սկզբունքների հիման վրա․
տվյալ դպրոցը հանդիսանում է բնակավայրի միակ կրթական օբյեկտը․
տվյալ դպրոցն ունի մինչև 100 աշակերտ.
տվյալ դպրոցն ունի սեյսմակայունության խնդիր և շենքի հիմնանորոգումը կամ վերականգնումը տնտեսապես արդյունավետ չէ․
դպրոցի տեղակայման վայրում կա մոդուլային շենքի տեղակապման համար համապատասխանող հողատարածք։
Վերը նշված սկզբունքներով ընտրվել է նաև գյուղ Գողթանիկը, որտեղ նախատեսվել է կառուցել 184 տեղ հզորությամբ կրթահամալիր:
Ներկայումս, հաշվի առնելով Գողթանիկի միջնակարգ դպրոցում ընդամենը 9 աշակերտի առկայությունը՝ գտնում ենք ոչ նպատակահարմար ժամանակային և ֆինանսական սուղ ռեսուրսներն ուղղել այդ բնակավայրում նոր կրթահամալիրի կառուցմանը։ Փոխարենը աշակերտները կարող են հաճախել եղեգիսի միջնակարգ դպրոց, որի համար ներկայումս կառուցվում է նոր մոդուլային շենք (այս տարի նախատեսվում է ավարտել)։