Վրաստանի ՆԳՆ-ի տվյալներով՝ բողոքի ցույցի ժամանակ ոստիկանների օրինական պահանջներին չենթարկվելու և մանր խուլիգանության համար վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 166-րդ և 173-րդ հոդվածներով ձերբակալվել է 13 մարդ: Ըստ Վրաստանի Առաջին ալիքի՝ Ներքին գործերի նախարարությունը ցույցի կազմակերպիչներին և մասնակիցներին իրավապահների օրինական պահանջները կատարելու կոչ է արել։
Չնայած ցույցը խաղաղ միջավայրում անցկացնելու անհրաժեշտության մասին ոստիկանության բազմաթիվ ահազանգերին և ՆԳՆ բազմաթիվ նախազգուշական հայտարարություններին, ցույցի մասնակիցները չեն ենթարկվել օրինական կոչերին, բանավոր և ֆիզիկական բախման մեջ են մտել իրավապահների հետ, ոստիկանների ուղղությամբ տարբեր բութ առարկաներ և ներկեր են նետել:
Ցուցարարները մայրուղու կենտրոնում երկաթե տարբեր կոնստրուկցիաներ են տեղադրել։ Խորհրդարանի շենք չարտոնված մուտքը կանխելու և հասարակական կարգը վերականգնելու նպատակով իրավապահները համարժեք ուժ և օրենքով սահմանված հատուկ միջոցներ են կիրառել։
Այս պահի դրությամբ ցուցարարների վնասած պաշտպանիչ երկաթե ցանկապատը վերականգնվել է, և ցուցարարները հնարավորություն ունեն օրենքով սահմանված կարգով բողոքի ցույց անցկացնելու խորհրդարանի հարակից տարածքում։ Ներքին գործերի նախարարությունը ակցիայի կազմակերպիչներին և մասնակիցներին ևս մեկ անգամ կոչ է անում ենթարկվել իրավապահների օրինական պահանջներին։