00:00:00

«Անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը». «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների նամակը՝ դեսպանատներին

17:08, 02 մայիս 2024 Քաղաքականություն

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները նամակ են հղել Հայաստանում ԱՄՆ, Ֆրանսիա, Միացյալ Թագավորության դեսպաններին, ԵՄ առաքելության ղեկավարին, Հայաստանում ՄԱԿ եւ Եվրոպայի Խորհուրդի գրասենյակներին:

Նամակում ասվում է.

«Մենք բարձր ենք գնահատում երկար տարիներ Հայաստանի Հանրապետությանը ցուցաբերած ձեր օգնությունը՝ ամրապնդելու օրենքի գերակայությունը, խթանելու մարդու իրավունքները և խոսքի ազատությունը, զարգացնելու ժողովրդավարական ինստիտուտները և ժողովրդավարական մշակույթն ու ավանդույթները:

Մենք տեսնում ենք Հայաստանում ժողովրդավարական արժեքների և ազատությունների կտրուկ նահանջ և մեծապես անհանգստացած ենք, որ բազմակողմ և երկկողմ գործընկերների կողմից ներդրած ջանքերն արդյունք չեն տվել։

Իրավապաշտպան մի քանի կազմակերպությունների վերջին զեկույցները հստակ ընդգծում են ոստիկանական բռնությունների աճը, խոսքի ազատության և խաղաղ հավաքների իրավունքը սահմանափակելու փորձերը, դատական համակարգը վերահսկելը, կալանավորումների համատարած օգտագործումը: Հորինված մեղադրանքներով բազմաթիվ ակտիվիստներ և ընդդիմադիր քաղաքական գործիչներ այժմ գտնվում են բանտերում:

Սակայն մեզ համար անհասկանալի է դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների հանդուրժողականությունը երկրում օրենքի, ժողովրդավարության և մարդու իրավունքների ակնհայտ խախտումների, քաղաքական կոռուպցիայի նկատմամբ։ Աննկատ է մնացել անգամ պատգամավորների իրավունքների ու երաշխիքների ոտնահարումը։

Սույնով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները խնդրում են հանդիպում Ձեզ հետ՝ հնարավորինս սեղմ ժամկետներում՝ աշխատանքային ձևաչափով քննարկելու հայաստանյան տագնապալի զարգացումները»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր