00:00:00

Ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա․ Արշակ սրբազանի կոշտ ելույթը

00:36, 24 ապրիլ 2024 Տեսանյութեր

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանապետ Արշակ Սրբազանի ելույթը՝ Ջահերով երթի ժամանակ․

«Ինչ լավ է, 50 մետր այն կողմ Ադրբեջանն է, մենք այնտեղ առևտուր կանենք․․․»,- մի քանի օր առաջ՝ ապրիլի 17-ին,  Տավուշի սահմանամերձ Կիրանց գյուղում, բնակիչների հետ հանդիպման ժամանակ, անասելի ոգևորությամբ հայտարարեց ՀՀ-ի ղեկավար Նիկոլ Փաշինյանը: 

Սրանից ավելի քան 100 տարիներ առաջ` նույն հանցավոր միամտությամբ ու անհեռատեսությամբ` օսմանահպատակ շատ հայեր 1908 թ․-ին, երիտթուրքերի հեղափոխությունից հետո հրճվանքով ու խանդավառությամբ բացականչում էին․ «Հիմա ազա՛տ ենք, մեզ ազատ ենք զգում, քայլ ենք անում ու քայլում ենք, երգում ենք ու երգում, և մեր սրտերն անհոգորեն շնչում են ազատ լեռների ազատ օդը» (Ս․ Սարհադյան, Կյանքիս hուշերից, Երևան, 2007, էջ 32)։ 

Հետևա՞նքը… Ահա՛ հետևանքը: Մենք կանգնած ենք հետևանքի առջև։ Կանգնած ենք Օսմանյան կայսրությունում ցեղասպանված մեկ ու կես միլիոնից ավելի հայերի հիշատակը խորհրդանշող նահատակաց հուշարձանի առջև: Այսօր Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցն է։ Տասնյակ տարիներ մեր ժողովուրդը մորմոքացող սրտով, չսպիացող վերքերով, գլխահակ շարժվում է դեպի նահատակաց հուշարձան, մտովի զրուցում իր նահատակ և կամ հրաշքով մազապուրծ հայրենակիցների ու նախնիների հետ։ Հազարավոր օրեր ու հազարավոր գիշերներ հարց ենք տալիս ինքներս մեզ՝ ինչո՞ւ արժանացանք այս դառը ճակատագրին, ինչո՞ւ Աստված լքեց մեզ։

 Եվ հիմա, ժողովո՛ւրդ, վերստին հարցնում եմ ձեզ և հարցնում եմ մեզ՝ ինչու՞ եղավ ցեղասպանությունը, ինչո՞ւ ազգովի կոտորվեցինք ու դարձանք զոհը ոճրագործության: 
Շատերը կասեն․ «աշխարհն էր մեղավոր, այսօրվա լեզվով՝ միջազգային հանրությունը, որն իր լռությամբ նվիրագործեց ոճրագործություններն ու կոտորածները»։ 

Ուրիշները կպնդեն, թե ցեղասպանության պատճառը թուրքերի գենետիկ դաժանությունն էր ու արյունարբությունը։ Այլոց համար ցեղասպանության պատճառը հինավուրց ու մշակութաստեղծ ժողովրդի հանդեպ քոչվորների բնական նախանձն էր։
«Մեզ կոտորեցին, որովհետև մենք չունեինք զենք, չունեինք պետություն»,- սա էլ կլսենք որպես պատճառ ցեղասպանության: Հիմա վերստին դիմում եմ ձեզ, ժողովո՛ւրդ, ինչո՞ւ ցեղասպանվեցինք, ինչո՞ւ թուրքական յաթաղանը հասավ մեր պարանոցին, ինչո՞ւ հեղվեց անմեղ մարդկանց արյունը, և ցիրուցան դարձավ մեր ժողովրդը: 

Պատասխանս մեկն է․ կոտորվեցինք, որովհետև մեզնից առավել ուրիշին սիրեցինք, ցեղասպանվեցինք, որովհետև դյուրահավատորեն մեզնից առավել ուրիշին վստահեցինք և անմտորեն մեզնից առավել ուրիշին նվիրվեցինք: Առավել հավատացինք թշնամու բարեգթությանը, քան մեր քաջությանը, առավել ապավինեցինք թուրքական բարյացակամությանն ու մեծահոգությանը, քան մեր ազգային արժանապատվությանն ու ինքնապաշտության բնական ձգտումին:
 Այսօր պատմությունը կրկնվում է… 

Որպես Ադրբեջան վերածնված նույն թյուրքական ցեղախումբը՝  Թուրքիայի իր եղբայրակիցների հետ, շարունակում է սպառնալիք ու թշնամի համարել  Հայաստանին և ողջ հայությանը: Վերջին տարիների ողբերգական իրադարձությունները ցավալիորեն փաստեցին, որ հայության հանդեպ գենետիկ թշնամանքը որևէ փոփոխություն չի կրել թուրքի հավաքական գիտակցության մեջ:
 Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանական գործողությունները, Արցախի բռնազավթումն ու հայաթափումը, գերեվարված հայորդիների նկատմամբ կիրառվող խոշտանգումները, հայկական հոգևոր, պատմամշակութային արժեքների ինքնության հետքերի հետևողական ոչնչացման ու յուրացման դեպքերը, Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ ոտնձգություններն ու կեղծ պահանջատիրությունը, ադրբեջանական պետական քարոզչամիջոցներով Հայաստանի ու հայության դեմ ատելության ու թշնամանքի մասշտաբային տարածումը՝ խոսուն վկայություններն են այն բանի, որ, այո՛, հայության ոչնչացումը շարունակում է մնալ թուրքական օրակարգի առաջնային հարցերից մեկը:
 Այս ողբերգական իրականության և գոյաբանական սպառնալիքի առջև ուղղակի զավեշտական, չասելու համար՝ դավաճանական է թվում այն ինքնամոռաց, բայց նույնքան ինքնահավան մոլուցքը, որով Հայաստանի իշխանությունները և նրանց ձայնակցող հասարակական, քաղաքական,  քաղաքացիական ուժերն ու հոսանքները լծվել են թուրք-ադրբեջանական տանդեմի հետ «խաղաղության դարաշրջան» կամ «խաղաղության խաչմերուկ»  կերտելու ճարտարապետությանը:

Ժողովո՛ւրդ, կրկին հարց ունեմ ձեզ՝ հնարավո՞ր է արդյոք խաղաղության դաշինք ստեղծել դահճի ու զոհի միջև, հնարավո՞ր է համերաշխություն նրա հետ, ով փորձում է ժխտել քո գոյությունը, ով վիճարկում է քո ապրելու իրավունքը: Իհարկե, ո՛չ և բյուր անգամ ո՛չ։ Հայատյաց այս ուժերի հետ հայության համակեցությունը հնարավոր է միայն մի դեպքում․ դա այն դեպքն է, երբ կհրաժարվենք մեր ինքնությունից, երբ կհրաժարվենք մեր արժանապատվությունից, ապագայի մեր իղձերից ու տեսիլքներից ու պատմական մեր հիշողությունից, և, վերջապես, կհրաժարվենք Աստծուց:

           Եվ սա՞ է, որ ուզում ենք մենք։ Սա՞ է, որ ուզում էին  ցեղասպանության նահատակները: Կրկին ո՛չ և բյուր անգամ ո՛չ: 
             Ինչո՞ւ Հայոց Եկեղեցին սրբադասեց ցեղասպանության զոհերին: Սրբադասեց, որովհետև նրանք նախընտրեցին մեռնել, քան ուրանալ Աստծուն և սեփական ինքնությունը։ Վարդանանց դյուցազներգության ներբողագիր Եղիշե պատմիչը նահատակների ոգին ու քաջությունը նկարագրելիս վկայակոչում է նրանց խոսքերը․ «Նախընտրեցինք աստվածպաշտությամբ մեռնել, քան թե ուրացությամբ ապրել» (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին, աշխարհաբար թարգմ․ և ծանոթ․՝ Երվանդ Տեր-Մինասյանի, Երևան, 1994, էջ 96): Այս ոգեղինացած խոսքերով նահատակվեցին նաև Հայոց Ցեղասպանության զոհերը։
  Եվ այսօր  մենք նույն իրականության առջև ենք․ մեզ առաջարկվում է ուրացությամբ ապրելու ճանապարհը, դահիճների հետ համակեցության մեջ ապրելու մոլորությունը: Եվ դա արվում է ոչ այլ կերպ, քան հենց այսօրվա մեր երկրի ղեկավարների համոզված «առաջնորդությամբ»: 

Մանրամասները՝ տեսանյութում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր