00:00:00

Հավերժ 18 –ամյա Ռոբերտը․ ծնողները դիմում են ՊՆ–ին․ Ռոբը զոհվել է, որ գերի չընկնի

15:44, 18 ապրիլ 2024 Տեսանյութեր

Ծնվեց՝ երեխաների պաշտպանության օրն ու ընկավ՝ պաշտպանելով հայրենիքը։ Մեծադիր այս լուսանկարներում Ռոբերտ Գևորգյանն է, Քանաքեռցի Ռոբը։ Ընդամենը 18 տարեկան էր, բարի ու ժպտերես, ընկերասեր ու ամենից շատ՝ հայրենիքը սիրող։ Մայրը՝ տիկին Մերին արցունքն աչքերին պատմում է, կրտսեր որդին էր Ռոբերտը, դեռ մանկուց կրկնել էր՝ զինվոր է դառնալու, որ հայրենիքն է պաշտպանելու։ Դպրոցում լավ է սովորել, դհոլ էր նվագում, բայց այդ ամենից զատ մասնագիտություն էր ընտրել, բարձրագույն կրթություն էր ցանկանում ստանալ, որ երկրին պիտանի զավակ դառնա։

Ռոբերտ Գևորգյանը բանակ է զորակոչվել 2022 թվականի ամռանը։ Երկու ամիս է հասցրել ծառայել, այդ ընթացքում որեւէ դժգոհություն չի ներկայացրել, յուրաքանչյուր տղայի պարտքն է ծառայել հայրենիքին։ 2020 –ի դաժան պատերազմից հետո հաճախ էր Եռաբլուր այցելում Ռոբերտը, հայ քաջորդիների վրեժը սրտում ինքն էլ էր մեկնել հայոց բանակ։ Սյունիքում էր ծառայում, երբ 2022 թվականին սեպտեմներին թշնամին հերթական ռազմական գործողությունները սկսեց։ Մայրն ասում է, որդուն ծառայակից ընկերների հետ բարձրացրել են մարտական դիրքեր։ այդ ընթացքում խոսել է ընտանիքի անդամների հետ, ասել՝ իր հետ ամեն ինչ կարգին է։

Վերջին զանգն էլ է լինում։ Ռոբերտը խոսում է հոր հետ, ձայնը մինչև հիմա նրա ականջներում է։ Հրաժեշտի զանգ էր։ Ծնողները նշում են, իրենց որդին ընկերների հետ շրջափակման մեջ է հայտնվել, բայց ճանաչելով որդուն վստահ են եղել, նա երբեք գերի չէր ընկնի։ Ամիսներ անց պարզել են, Ռոբերտն իրեն ամրակցված զենքից ինքն իրեն է կրակել, որ թշնամու գերության մեջ չհայտնվի։

Գևորգյանները հիմա ընդամենը մեկ պահանջ ունեն, իրենց որդին ընկել է հերոսի մահով ու արժանի է, որ հերոսի կոչում շնորհեն։ Պաշտպանության նախարարին է դիմում, խնդրում ընդունելություն, որ տղայի հերոսական դրվագներն անձամբ ներկայացնեն։

Տան բոլոր անկյուններում Ռոբի լուսանկարներն են, անձնական իրերն ու նրա մասին պատմող հիշողություններով ապրող ընտանիքի անդամներ։ Իսկ սա այն շենքն է, որտեղ ծնվել ու ապրել է Ռոբերտ Գևորգյանը։ Շենքի դիմաց հայրը պուրակ է կառուցել։ Ասում է՝ հերոսները չպետք է մոռացվեն, այստեղով անցնող յուրաքանչյուր ոք մեկ ակնթարթ անգամ կանգ առնելիս, կտեղեկանա՝ Քանաքեռցի Ռոբի անունը կրող պուրակն է։

Այս պուրակը դարձել է ընտանիքի անդամների մշտական վայրը։ Այստեղ ամեն առավոտ ու երեկո հավաքվում են, խոսում իրենց որդու մասին, հետո Գևորգյանների քայլերը տանում են Եռաբլուր զինվորական պանթեոն, ուր ամփոփված է հավերժ 18–ամյա Ռոբերտի մարմինը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր