Ապրիլի 12-ին՝ ժամը 15:25-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ»-ը դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից ձորակի տարածքում:
Պաշտպանության նախարարությունը հայտնեց 4 զոհի մասին: Վիրավորում է ստացել 20 զինծառայող, որոնցից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Մյուսներն ունեն ծանր, միջին ու թեթև աստիճանի վնասվածքներ։ Պաշտպանության նախարարությունն ավելի ուշ հրապարակեց մահացած զինծառայողների անունները: Նրանք են՝
Արեգ Արմենի Քերոբյան,
Սլավիկ Վարդանի Վարդանյան,
Դավիթ Համբարձումի Հակոբյան,
Ժոզեֆ Մելքոնի Ազոլյան։
Վթարը տեղի է ունեցել Սյունիքի մարզումՄեղրիի տարածաշրջանի Նռնաձորի ճանապարհին։
«Ուրալ»-ի վթարի հետևանքով զոհված 20–ամյա Դավիթ Հակոբյանը Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքից էր զորակոչվել բանակ։
Դավիթին, նրա երեք եղբայրներին ու քրոջը ընտանիքը մեծ դժվարությամբ է մեծացրել։ Հայրը տեսողական խնդիրներ ունի եւ չի աշխատում։ Երեխաների կարիքները հոգալու հարցում հիմնականում օգնել են տատիկն ու պապիկը։
Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարի հետեւանքով զոհված 21-ամյա Ժոզեֆ Ազոլյանն էլ նախորդ տարի հունիսին էր զորակոչվել: Թույրը՝ Թագուհի Ազոլյանը, պատմել է, որ Ժոզեֆը ՌԴ-ից հատուկ էր եկել Հայաստան զինվորական ծառայություն անցնելու համար: Ընտանիքն ապրում է Երևանում։
Իսկ մահացած ժամկետային զինծառայող 19–ամյա Արեգ Քերոբյանը Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն համայնքից էր: Մեկ տարվա ծառայող էր։
Սլավիկ Վարդանյանն էլ Վանաձոր քաղաքից էր։ Քսան տարեկան էր։
Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեից էլ հայտնել էին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մարտական, հատուկ կամ տրանսպորտային մեքենա վարելու կամ շահագործելու կանոն խախտելու հոդվածով: Ձևավորվել է քննչական խումբ և իրականացվում է նախաքննություն դեպքի ամբողջական հանգամանքները, վթարի պատճառները պարզելու նպատակով։
Հավելենք, որ Զինվորական «Ուրալ»-ի վթարի հետևանքով վիրավորված 20 զինծառայողներից 13-ը տեղափոխվել են Երևանի և Սիսիանի զինվորական հոսպիտալներ, մարմնական թեթև վնասվածքներ ստացած 7 զինծառայողները բժշկական լուրջ միջամտության կարիք չունեն, հայտնում է Պաշտպանության նախարարությունը։
Այսօր պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել են ՊՆ զինվորական հոսպիտալ և տեսակցել ապրիլի 12-ի վթարի հետևանքով մարմնական վնասվածքներ ստացած զինծառայողներին։
Նախարարներին ներկայացվել են նրանց առողջական վիճակը և բուժման ընթացքի վերաբերյալ մանրամասներ, հայտնում են ռազմական գերատեսչությունից։
Մանրամասները՝ տեսանյութում։