00:00:00

Իմաստուն մարդիկ անցյալից դասեր են քաղում ու ապագային երբեք հուսահատված չեն նայում. անձնազոհությունը հասու է նվիրյալներին. Աննա Վարդապետյան

11:43, 19 մարտ 2024 Քաղաքականություն

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ՝ 2024 թվականի մարտի 18-ին տեղի է ունեցել Դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստ:

Նիստի ընթացքում ամփոփվել են Դատախազության 2023 թվականի աշխատանքները:

Գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը ներկայացրել է Գլխավոր դատախազության Տնտեսական գործունեության, Պետական իշխանության, Բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունների աշխատանքը:

Այս համատեքստում Արթուր Պողոսյանը տեղեկացրել է, որ 2023 թվականին կտրուկ աճել է ինչպես տնտեսական հանցագործությունների քրեական վարույթների թվաքանակը (3946` 2291-ով կամ 138.4%-ով ավելի, քան 2022 թվականին), այնպես էլ՝ նույն ժամանակահատվածում ավարտված քրեական վարույթների թիվը՝ կազմելով 564 քրեական վարույթ (281-ով կամ 99.2%-ով ավելի, քան 2022 թվականին):

Գլխավոր դատախազը, մասնավորապես, նշել է.

«Աշխատանքային ծանրաբեռնվածությունն այս տարի ինձ թույլ չտվեց ներկա գտնվել բոլոր մարզերի ու վարչական շրջանների ամփոփումներին, սակայն կատարված աշխատանքի մանրամասներին տեղեկացված եմ ոչ միայն ձեր զեկուցագրերից, այլև տարվա ընթացքում իմ տեղակալների և վերահսկող ստորաբաժանումների ղեկավարների ամենշաբաթյա զեկուցումներից:

Ես գիտեմ, որ ձեր աշխատանքը ծանրաբեռնված է, լարված, աշխատաժամանակը երկար է, իսկ հանգստի ժամանակը՝ քիչ: Ես միայն տեղեկացված չեմ, ես ինքս եմ ապրում նման ռեժիմով՝ ձեզնից յուրաքանչյուրի հետ միասին:

Իմաստուն մարդիկ անցյալից դասեր են քաղում ու ապագային երբեք հուսահատված չեն նայում: Մեր այսօրվա ծանրաբեռնված ու որակյալ աշխատանքը՝ արդարության նկատմամբ այսօրվա ու վաղվա վստահության վերականգնումն է. ես համոզված եմ, որ արդարության նկատմամբ վստահություն լինելու է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մեծամասնության մոտ: Դա են վկայում վերջին սոցիալական հարցումները, դա է վկայում Դատախազության դիմորդների թիվն ու մրցակցության բարձր շեմը, դա է վկայում Դատախազության հեղինակությունը:

Այսօր արդարությանն ու օրենքի գերակայությանը հավատարմության երդում տված դատախազներին ասում եմ՝ բարով եք եկել: Ես վստահ եմ, որ պատվով եք կրելու դատախազի ուսադիրները և պարզ ճակատով եք պաշտպանելու պետական շահը:

Անձնազոհությունը հասու է նվիրյալներին: Դատախազությունում աշխատում են և աշխատելու են նվիրյալները:

Կրկին շնորհավորում եմ, շնորհակալ եմ և վերահաստատում եմ՝ այս տարի էլ հեշտ չի լինի, բայց կլինի շատ հետաքրքիր»:    

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր