00:00:00

Փաշինյանը հլու-հնազանդ համաձայնվում է սահման փոխել, քանդել Հայաստանի դիրքերը Տավուշում՝ նոր ստրատեգիական մարտահրավերներ բերելով մեր գլխին․ Աշոտյան

20:57, 16 մարտ 2024 Քաղաքականություն

Քաղբանտարկյալի կարգավիճակում գտնվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից հեռավար կարգով պատասխանել է քաղաքացիների կողմից իրեն ուղղված հարցերին։ 

Նարինե Եսայանը հարցրել է․ «Ադրբեջանը պահանջում է Տավուշի 4 գյուղ, ի՞նչ եք կարծում, ինչպիսի՞ զարգացումներ տեղի կունենան»։

«Կասկած չունեմ, որ այս տեմպերով Փաշինյանը հանձնելու է այդ 4 գյուղերը՝ դիմացը ոչինչ չստանալով։ Նա շարունակելու է հլու-հնազանդ կատարել Ալիևի բոլոր պահանջները։ Պատահական չէ, որ Նիկոլը«ավետեց» նաև, որ դեմարկացիայի գործընթացը կարող է սկսվել Տավուշի մարզից։ Դա հայ-ադրբեջանական սահմանի միակ հատվածն է, որն անփոփոխ է մնացել 2018-ից հետո, որտեղ «նախկինների» օրոք ստեղծված պաշտպանական գծերը կան, ամուր են, համեմատաբար ապահովված են և նորմալ կահավորված։ Մնացած սահմանային հատվածների անմխիթար վիճակի մասին չխոսեմ…

Եվ ահա Տավուշում  Ալիևը պահանջում է սահման փոխել, բնականաբար, բարելավելով սեփական դիրքերը և նոր հիմնարար խնդիրներ ստեղծելով Հայաստանի համար։ Չէ՞ որ հայկական կողմից ավելի տրամաբանական կլիներ հնչեցնել այլ հատվածներում սահմանների դելիմիտացիայի առաջնայնությունը, օրինակ՝ Սյունիք, Վայոց Ձոր, Գեղարքունիք․ այնտեղ, որտեղ Ադրբեջանը ներխուժել է Հայաստանի ինքնիշխան տարածք։ Այնինչ Նիկոլը համաձայնվում է քանդել Հայաստանի դիրքերը Տավուշում՝ նոր ստրատեգիական մարտահրավերներ բերելով մեր գլխին։

Ո՞ւր է շտապում,  չէ՞ որ, ըստ իրեն, Արևմուտքը արդեն պատրաստ է մեզ պաշտպանել, չէ՞ որ ԵՄ մոնիթորինգային առաքելությունը, ըստ իրեն, ապահովում է մեր սահմանների անձեռնմխելիությունը։

Իրականում Նիկոլը դարձել է գեոպոլիտիկ խաղամոլ, որը պատրաստ է համառորեն մնալ այդ կազինոյում և Հայաստանի վերջին անդրավարտիքը դնել որպես դրույք`  խաղատունը լքելու և գոնե եղածը այս փուլում պահպանելու փոխարեն»,- պատասխանել է Արմեն Աշոտյանը։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր