2024-ի փետրվարը օդերևութաբանական դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում ամենատաքն է եղել՝ ամբողջ աշխարհում։ Այդ մասին հայտնել է France-Presse-ը՝ վկայակոչելով կլիմայի ուսումնասիրության Copernicus եվրոպական ծրագրի տվյալները։
Նշվում է, որ փետրվարը Եվրոպայում ռեկորդային տաք ջերմաստիճանով 9-րդ ամիսն է դարձել։
Գիտնականների տվյալներով՝ Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանն արդեն գրեթե մեկ տարի է, ինչ նորմայից բարձր է։ Փետրվարին ջրի մակերեսի միջին ջերմաստիճանը (բացառությամբ բևեռային շրջանների) ռեկորդային՝ 21,06 աստիճան է եղել։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 2023 թվականը օդերևութաբանական դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում ամենատաք տարին է եղել Եվրոպայում։