«Արմենմոտոր» ՓԲԸ–ն դատական հայց է ներկայացրել ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի դեմ։ Այս մասին Irakanum.am–ը տեղեկանում է դատալեքս տեղեկատվական համակարգից։ Ընկերությունը գտել է, որ Հակոբ Արշակյանի՝ ԱԺ ամբիոնից արված հայտարարությունը զրպարտություն է, և պարունակում է ոչ հավաստի փաստական տվյալներ։ Խոսքը՝ նախորդ տարվա հունիսի 15–ի՝ ելույթի մասին է, որտեղ Հակոբ Արշակյանը ներկայացրել էր 2001-2003 թվականների պետական գույքի մասնավորեցման ծրագիրը՝ նշելով, որ ուզում է հիշեցնել, թե ով է իրականում Հայաստանը արդյունաբերական երկրից վերածել բանանային պետության։ Նա թվարկել էր այն բոլոր կառույցները, որոնք մասնավորացվել են այդ ծրագրով՝ նշելով, որ կոպեկներով սեփականաշնորհվել են գիտահետազոտական ինստիտուտներ, լեռնամետալուրգիական ձեռնարկություններ, արդյունաբերական հսկաներ, բանկեր, պետական շենք-շինություններ։
«Ուզում եմ տեղեկացնել մեր քաղաքացիներին ու այս գիտահետազոտական ինստիտուտների եւ պետական հիմնարկների թիվը 932 է։ Ամբողջ Հայաստանն է մտնում սրա մեջ, մենք գիտեինք 90-ականների մութ ժամանակ է արվել, դու մի ասա 2001 թվականի լույսով է արվել։ Բա դուք ո՞ւր էիք այդ ժամանակ, պարոն Խաչատրյան, որ Հայաստանը բանանային պետություն էր դառնում։ Բա դուք ո՞ւր էիք, որ հազարավոր հաստոցներ մետաղի ջարդոնի տեղ Հայաստանից դուրս էր հանվում։ Լավ, ես փոքր էի, բա դուք ո՞ւր էիք։ Այս ցանկը տարեք տվեք ձեր առաջնորդին, (նկատի է ունեցել Ռոբերտ Քոչարյանին) ասեք՝ էս որ ստորագրում էիր, ի՞նչ էիր մտածում, որ էս բոլորը պիտի աշխատի՞»,- ընդդիմադիր պատգամավորներին դիմել էր Հակոբ Արշակյանը։
Այդ ընկերությունների շարքը թվարկելիս Արշակյանը նշել էր նաև «Արմենմոտր» ՓԲԸ–ի անունը։
Այս գործով մեկ դատական նիստ արդեն իսկ տեղի է ունեցել փետրվարի 14–ին։ Արշակյանը դատական նիստին ներկա չի եղել, փոխարենն իր ներկայացուցիչն է մասնակցել։ Այս մասին Irakanum.am–ի հետ զրույցում ասաց «Արմենմոտոր» ՓԲԸ–ի ներկայացուցիչ Աշոտ Ասատրյանը։ «Զրպարտության մասով էր ներկայացվել հայցադիմումը, առարկան՝ պարտավորեցնել հերքել զրպարտող տեղեկությունները։ Խոսքը վերաբերում է Հակոբ Արշակյանի՝ հունիսի 15–ին ունեցած ելույթին։ Պահանջի հիմքում՝ զրպարտություն պարունակող ոչ հավաստի փաստական տվյալները հրապարակայնորեն հերքելուն պարտադրելն է, ինչպես նաև պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված ոչ նյութական վնասը հատուցելու մասին է։ Միաժամանակ նաև գումարային պահանջ կար՝ 2 մլն դրամ»,– ասաց փաստաբանը։ Դատական առաջին նիստում Հակոբ Արշակյանի ներկայացուցիչը հայատրարել է, որ ելույթում տեղ գտած և հայցվորի գնահատմամբ վիրավորական ու զրպարտչական բնույթ կրող «ուտել», «մսխել» ձևակերպումներն ուղղված չեն եղել «Արմենմոտր» ՓԲԸ–ին և հարգանքով են վերաբերում այդ ընկերությանը։
Փաստաբանի խոսքով՝ այս հայտարարությունը իր ներկայացուցչին է փոխանցել, ովքեր և որոշում են կայացրել, եթե՝ Արշակյանը «հետ է կանգնում» ներկայացված խոսքից, իրենք անելիք այլևս չունեն։ «Հիմա որոշում կա հրաժարվել հայցից այդ հիմքով, քանի որ կոնկրետ 932 ընկերությունների վերաբերյալ հիշատակման մեջ իրենց ընկերությանը չի վերաբերել այդ հատվածը, իսկ թե ում՝ հետաքրքիր չէ»,– ասաց Աշոտ Ասատրյանը, հավելելով, որ չի բացառվում, որ հենց հաջորդ դատական նիստին էլ կհրաժարվեն դատական նիստից։
Հարցին, թե հնարավոր է Հակոբ Արշակյանի կողմից է ճնշում եղել, որ դատական հայցից հրաժարվում է ընկերությունը, փաստաբանը հերքեց։ «Չկա որեւէ ճնշում, ուղղակի մեր կողմին բավարարող լուծում է այս փուլում, և լիարժեք փարատվում են այն կասկածները, որոնք մեր վստահորդները ունեին»,– ասաց նա։
Նշենք, որ այս գործով հաջորդ դատական նիստը նշանակված է մարտի 14–ին։
Irakanum.am