ԳԴՀ Բունդեսթագի իրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Էլիզաբեթ Վինկելմայեր-Բեքերի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 25-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Էդիտա Գզոյանն անդրադարձել է նաև Արցախի հիմնահարցի պատմաիրավական ասպեկտներին, ներկայացրել Ադրբեջանի հակահայկական գործողություններն ու քարոզչությունը:
Տիկին Էլիզաբեթ Վինկելմայեր-Բեքերը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
Էդիտա Գզոյանը հյուրերին ուղեկցել է Հուշապատի մոտ, որի հետնամասում հատուկ խորշերի մեջ ամփոփված են 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին թուրքական կառավարության իրագործած հայերի զանգվածային կոտորածների և ցեղասպանության դեմ իրենց բողոքի ձայնը բարձրացրած օտարազգի մի շարք հասարակական, քաղաքական գործիչների, մտավորականների և միսիոներների գերեզմաններից վերցված հողով լի փոքր սափորները: Հյուրերը մեծ հետաքրքրությամբ լսել են հատկապես գերմանացիներ Յոհաննես Լեփսիուսի և Արմին Վեգների հայանպաստ գործունեության մասին:
Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ծանոթացել են մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո տիկին Էլիզաբեթ Վինկելմայեր-Բեքերը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում։