Բրյուսովի պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ իր ազատմանը։
«Բրյուսովի ռեկտոր պարոն Դավիթ Գյուրջինյանն աշխատանքից միշտ տուն է գնում 17։20-17։30-ը, երբեք ուշ չի գնում։ Սակայն, չգիտես՝ ինչու, սեպտեմբերյան դեպքերի ժամանակ՝ սեպտեմբերի 19-ին, երեկոյան 19։00-ին, ստորագրում է իմ ազատման հրամանը։ Դրա մասին իմացել եմ մյուս օրը՝ առավոտյան, ինքն այդ օրվանից գործուղման է մեկնել և, փաստորեն, նոյեմբերի 8-ից ազատված եմ աշխատանքից։
Ես իմ ազատման հրամանն անվանել եմ իրավաբանության գլուխգործոց։ Ինձ ազատել են աշխատանքից Աշխատանքային օրենսգրքի հետևյալ դրույթով, թե իբր ես չեմ համապատասխանում իմ պաշտոնին։ Շուրջ 11 տարի տարբեր պաշտոններ եմ զբաղեցրել այս համալսարանում, ընթացքում ստացել եմ նույնիսկ համալսարանի մեդալ, շնորհակալագրեր, և հանկարծ Դավիթ Գյուրջինյանի կողմից պարզվեց, որ ես չեմ համապատասխանում իմ պաշտոնին։ 4 հիմնավորում է բերվել, թե ինչու չեմ համապատասխանում։ 2 հիմնավորումը վերաբերում է քրեական գործերին, որոնց մասին խոսել եմ։ Սակայն, ես դեռևս չեմ հարցաքննվել, կարգավիճակ չունեմ, բայց մարդն արդեն խախտում է իմ անմեղության կանխավարկածը, մարդը դատավոր է դարձել և որոշումներ է կայացնում։ Վստահ եմ, որ դատարանում իրենց այդ դրույթները ջախջախվելու են, և ես վերականգնվելու եմ»։