Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խորհուրդ տալով զգուշանալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից։
Նա նշել է, թե Պուտինը երբեք չի ների Փաշինյանին։
«Ավելին, ձեր վերջին հայտարարություններից, քաղաքական քայլերից և հատկապես Հռոմի ստատուտի վավերացումից հետո նա ձեր թշնամին է և ձեզ տապալելու է իր ձեռքի տակ եղած բոլոր հնարավորություններով՝ ներքին անկարգություններ, ռազմական գործողությունների խրախուսում. ձեզ տնտեսապես կխեղդի և կօգտագործի հիբրիդային պատերազմի ողջ զինանոցը»,- «X»-ում գրել է Սաակաշվիլին։
Նա շեշտել է, թե Փաշինյանը շատ քիչ ժամանակ ունի։
«Որքան էլ ձեզ համար դժվար լինի, Հայաստանի շուրջ տեղի ունեցող վերջին իրադարձությունները նոր հնարավորություն են տալիս մեր տարածաշրջանին։ Որոշ ժամանակ անց մենք կարող ենք ապրել Բալթյան երեք երկրների պես՝ բաց սահմաններով, ստեղծել լոգիստիկ, ֆինանսական, էներգետիկ հանգույցների մի ամբողջ համակարգ։ Բայց դրա համար դուք պետք է շտապեք և դեն նետեք ցանկացած տատանում, գնաք վա-բանկ: Պահանջեք անհապաղ դուրս բերել ռուսական ռազմաբազան, դուրս գաք ԱՊՀ-ից, ՀԱՊԿ-ից, մաքսային միությունից և հայտ ներկայացնեք Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին»,- ընդգծել է Վրաստանի նախկին նախագահը։
Նա նշել է, որ Հայաստանը պետք է անհապաղ խաղաղության պայմանագիր կնքի Ադրբեջանի հետ՝ դրանով ճանապարհ բացելով Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության մեջ հիմնարար փոփոխությունների համար։
«Հուսով եմ, որ թույլ չեք տա Պուտինին ոչնչացնել ձեզ և, միևնույն ժամանակ, կործանել ձեր երկիրը և ամբողջությամբ խարխլել մեր տարածաշրջանը։ Բոլորիս առջև ծառացած վտանգը շատ իրական է և պահանջում է անհապաղ գործողություն: Հուսով եմ՝ այս անգամ չեք վարանի»,- գրել է Սաակաշվիլին։