00:00:00

ՄԻՊ–ը Ադրբեջանի կողմից քաղաքացուն առևանգելու դեպքով կդիմի միջազգային կազմակերպություններին

21:22, 29 հուլիս 2023 Հասարակություն

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն Ադրբեջանի կողմից 68-ամյա արցախցուն արգելանքի վերցնելու առնչությամբ կապ է հաստատել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործընկերների հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՄԻՊ մամուլի ծառայությունը։
 
Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Ադրբեջանն այսօր արգելանքի է վերցրել Կարմիր խաչի միջոցով բուժման նպատակով ՀՀ տեղափոխվող քաղաքացիներից մեկին և անցակետից տեղափոխվել այլ վայր։ Նա նշել էր, որ ԿԽՄԿ ներկայացուցիչը գտնվում է քաղաքացու մոտ, սակայն բանակցությունները դեռևս որևէ արդյունք չեն տվել։
 
«Խնդրի առնչությամբ Մանասյանը նաև շարունակում է իրականացնել փաստահավաք աշխատանքներ: Դեպքի առնչությամբ մանրամասներ ճշտելուց հետո պաշտպանը կդիմի նաև մարդու իրավունքների մանդատ ունեցող միջազգային կազմակերպություններին»,– ասված է ՄԻՊ գրասենյակի հաղորդագրությունում։
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ արցախցի 68-ամյա Վագիֆ Խաչատրյանը ձերբակալվել է։ Նա, ըստ մեղադրանքի, իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործություններին։
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր