Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արխիվի և Թանգարանների տնօրեն Ասողիկ աբեղա Կարապետյանը գրում է․ «Այսօր մեր Տեր Հիսուս Քրիստոսի պայծառակերպության և այլակերպության տոնն էր, մեր Սուրբ Եկեղեցու Տաղավար՝ Մեծ տոներից մեկը: Լուսավորչի կանթեղը, այո, անպարան Երկնքից կախված է Արագածի գագաթին, և այդ Կանթեղը մեր Տեր Հիսուս Քրիստոս է, Ով տիրել է հայ կյանքին և հայ աշխարհին ամբողջապես: Պայծառակերպության այս տոնով՝ Հիսուս Քրիստոս, Տերը և Աստվածը՝ Է-ն, բացվում է և երևում մեզ՝ հայերիս, հայտնվում է և հուսավառելով քաջալերում ու զորակցում: Եվ Աստված այսպես մեզ զորեղացնում է, որ չմոլորվենք այսրաշխարհային մթին խավարում և չհեռանանք մեր կոչումից և առաքելությունից: Մեր դժվարությունների և նեղությունների բանալին հենց Լուսավորչի կանթեղն է՝ Հիսուս Քրիստոս, միայն Իրենով կերտված կյանքը, գործը, խոսքը կարող է պսակել հաղթանակը և շնորհել գալիքը: Իսկ Լուսավորչի կանթեղի ճանապարհն սկսվում է Սուրբ Արարատից: Առանց Սուրբ Արարատի աստվածային խորհրդի չկա՛ Լուսավորչի կանթեղ՝ Հիսուս Քրիստոս, փրկություն և հավիտենություն: Եվ Արարիչ Աստված այս զույգ սուրբ լեռների խորհրդով արարել է միմիայն հայոց ազգին՝ որպես ընտիր սերմնահատիկ բոլոր ժողովուրդների: Ընտիր սերմնահատիկ, որը պիտի դրվեր բացառապես հենց այս բնօրրանում՝ Հայկական լեռնաշխարհում: Արդ, մանավանդ, այս խառնակ օրերում, երբ վայրագ ու օտարաշունչ քամիներն են շրջում մեր Հայրենի եզերքում՝ պետք է մնալ հաստատուն Մայր հողին, պետք է մարմնի և հոգու աչքերով գամված լինել Արարտին ու Արագածին, որոնց կամրջում է աստվածային սուրբ խորհուրդը՝ Սրբություն Սրբոց Էջմիածինը: Այո, վստահ եմ, պայծառակերպվելու ենք և այլակերպվելու, Հավիտենական հայոց ազգը լինելու է անսասան, հաղթությունն է պսակվելու մեր գլխին և կործանված ենք տեսնելու մեր բոլոր թշնամյաց: Արդ, նորեն կարդանք Մեծ Բանաստեղծի աստվածաշունչ տողերը և շտապենք փնտրելու ու գտնելու Լուսավորչի կանթեղը՝ մեր ճշմարիտ պայծառակերպությունն ու այլակերպությունը. «Ով անմեղ է, լիքը սիրով Ու հավատով անսասան, Ով նայում է վառ հույսերով Դեպի Հայոց ապագան, — Նա կտեսնի էն մըշտավառ Ջահը կախված երկընքից, Ասես՝ Աստծո աչքը պայծառ Հսկում է ցած երկընքից»»: |