Լոռիում արդեն հինգ տարի է քննում են՝ մարզպետարանի ենթակայության հիմնադրամներում չարաշահումներ և յուրացումներ եղել են, թե՞ ոչ։
Խոսքը կրթության, մշակույթի և առողջապահության ոլորտներում մինչև հեղափոխությունը գործած 3 հիմնադրամների մասին է, որոնցից երկուսի տնօրեններին արդեն մի քանի տարի է՝ մեղադրանք է առաջադրված։ Բուն քննությունն սկսել է 2018-ից, երբ մարզի ուսուցիչները, տնօրեններն ու բժիշկները հայտարարել էին, որ շուրջ երկու տասնամյակ իրենց աշխատավարձից գումար է փոխանցվել այդ հիմնադրամներին, ընդ որում՝ ոչ թե կամավոր, այլ՝ պարտադիր, որոշ դեպքերում, անգամ առանց իրենց գիտության։
Տարիներ առաջ քննության ընթացքը վերահսկող դատախազն ասել էր, որ հարցաքննված դպրոցների բոլոր աշխատակիցներն էլ պնդել են, թե իրենցից պարտադրաբար են գանձվել գումարները։
Այս գործով մեղադրանք է առաջադրվել Մայիս Խաչատրյանին, ով Լոռու գործող մարզպետի հայրն է։
Գլխավոր դատախազությունից Irakanum.am–ին հայտնեցին, որ նախաքննությունը շարունակվում է։
Կառույցից այլ մանրամասներ չհայտնեցին, սակայն ակնհայտ է, որ դատախազությունը բավարար ջանքեր չի գործադրում տեղի ունեցածը պարզելու համար։ Ու հանգամանքը, որ հինգ տարի է գործը նախաքննության փուլից այն կողմ չի անցնում, խոսում է այն մասին, որ այն պարզապես «քնեցրել են»։ Հարցն այն է, որ Լոռու մարզպետը ՔՊ–ական է, և հետևաբար կարող էր որոշակի ազդեցություն ունենալ իրավապահ համակարգի վրա, ինչի արդյունքում էլ հարազատները նեղություն չկրեին, իսկ դատախազությունն էլ մոռացության մատներ այս գործը։
Գլխավոր դատախազ ընտրված Աննա Վարդապետյանը սիրում է պատեհ ու անպատեհ առիթով, առանձնակի ոգևորությամբ շեշտել, որ իր համար օրենքի գերակայությունը խիստ կարևոր է և իրեն չի կաշկանդում մեղադրանքով անցնող անձի կուսակցական պատկանելիությունը։ Բայց, ինչպես բոլոր դեպքում, այս անգամ էլ գործ ունենք բացառապես օդի մեջ արված հայտարարության հետ։ Գլխավոր դատախազությունն առնվազն պարտավոր էր հնարավորինս արագ ուսումնասիրել հնարավոր չարաշահումների վերաբերյալ հայտարարությունները, քանի, որ խոսքը գնում է խոշոր գումարների մասին, իսկ դրանք ապաշնորհ վատնելու մեջ մեղադրվում են պետական պաշտոնյայի հարազատներ։ Աննա Վարդապետյանը գլխավոր դատախազ ընտրվել է, բայց իր տեղում չէ, ու յուրաքանչյուր նմանատիպ գործ գալիս է ապացուցելու, կառույցը յուրայինների նկատմամբ հարուցված քրեական գործերը կամ ջրվում են, կամ մոռացության մատնվում։ Հակառակն ապացուցելու համար Վարդապետյանն Աննան ու ՔՊ–ական մարզպետը ժամանակ ունեն։
Irakanum.am