Ինչ արել եմ լավ եմ արել, մեկ վայրկյան չեմ փոշմանել, և եթե ժամանակը հետ պտտեի կանեի նույնը: Զղջման մասին նույնիսկ որևէ խոսք լինել չի կարող:
Ասել է հանրային գործիչ Նարեկ Մալյանը՝ իր գործով դատական նիստի ժամանակ:
«Վերջին խոսքը մի տեսակ տխուր է հնչում, տպավորություն է, որ մարդը հանձնվում է և այլևս չի խոսելու: Ես ուրախ մարդ եմ և լռելու, և հանձնվելու որևէ միտում չունեմ։
Հայաստանում «մահ դավաճաններին» արտահայտությունից նեղվել է միայն մեկ մարդ, և այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն է: Անհասկանալի է, թե ինչ են ակնկալում ինձնից լսել՝ կյանք դավաճաններին, փառք դավաճաններին, ապրեն դավաճանները»,- ասել է նա:
Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ, վճիռը կհրապարակվի 17:30:
Հիշեցնենք, որ 2021թ-ի փետրվարի 26-ին Ազգային ժողովի դիմաց տեղի էր ունեցել «Չաուշեսկուի գնդակահարությունը կամ մահ դավաճաններին» ֆուտուրիստական ներկայացման ցուցադրությունը: Ինչից հետո Նարեկ Մալյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 226.2 հոդվածով (Բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը):