Արցախը մեծ համակենտրոնացման ճամբար է հիշեցնում, որտեղ կարծես տարբեր լաբորատոր փորձարկումներ են իրականացվում՝ մեր վարքը տարբեր իրավիճակներում կանխատեսելի դարձնելու և համապատասխան վերլուծությունների արդյունքում մեզ վերջնականապես կուլ տալու համար: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Շոշկավանքի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Տեր Ներսես քահանա Ասրյանը։ «Թշնամիներից մարդասիրություն ակնկալելն անիմաստ է, մեզ ոչնչացնելու նրանց ծրագրերն էլ մեր ընտրությունը չէ:
Բայց մեր ընտրությունը կարող է լինել փորձություններին ադեկվատ արձագանքելը: Պարզ օրինակ կարելի է բերել անգամ կենցաղային ոլորտից. խանութներից խուճապահար եղած այս կամ ապրանքատեսակները «սրբելուց» առաջ պետք է գիտակցել, որ սովորականի պես ըստ անհրաժեշտության գնումներ անելով՝ հնարավորություն է թողնվում բոլորին ավելի երկար ժամանակ օգտվել նման հնարավորությունից: Բացի դրանից՝ բոլորը չէ, որ այդքան կանխիկ գումար ունեն և անգամ հարկադրված լինելով՝ չեն կարող միանգամից մեծ գնումներ անել: Եվ նման օրինակներ շատ կարելի է բերել տարբեր հարթություններից:
Բայց կարևոր է հասկանալ, որ սառը դատողությունը և փոխադարձ ջերմ ու հոգատար վերաբերմունքը այն առանցքային ուղիներից են, որոնցով կարող ենք մեղմել համընդհանուր ճգնաժամը և հույս պահպանել այս փորձություններից հաղթող դուրս գալու»,-գրել է նա։