Երևանի «Միկա» մարզադահլիճում այսօր մեկնարկեց բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը:
Մրցաշարին մասնակցում են եվրոպական 29 երկրների 275 մարզիկ-մարզուհի, այդ թվում Ռուսաստանից և Բելառուսից, որոնց ներկայացուցիչները շատ մարզաձևերում զրկված են նման հնարավորությունից, օրինակ՝ մեկ օր առաջ Երևանում ավարտված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում:
Առաջնության հանդիսավոր բացումը կատարեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը և Եվրոպայի բռնցքամարտի կոնֆեդերացիայի նախագահ Յոհանիս Ֆիլիպատոսը:
Այսօր կայացան որակավորման փուլի առաջին մարտերը: Հայաստանը ներկայացնող ծանր քաշային Ալբերտ Հարությունյան (+92 կգ) նոկաուտով հաղթեց մոլդովացի Գրիգորի Չիրեակովին և մտավ կիսաեզրափակիչ փուլ: Այդպիսով, նա նվազագույնն ապահովեց բրոնզե մեդալը:
Նշենք, որ Հայաստանի երիտասարդների հավաքականը կմասնակցի քաշային բոլոր կարգերում: Ահա մեր թիմի կազմը. Հովհաննես Հարությունյան (48 կգ), Դավիթ Սաֆարյան (51 կգ), Էրիկ Առուստամյան (54 կգ), Գոռ Ազիզյան (57 կգ), Ոսկան Ոսկանյան (60 կգ), Արթուր Մկրտչյան (63,5 կգ), Յուրա Բաբլումյան (67 կգ), Արման Միսկարյան (71 կգ), Արմեն Պողոսյան (75 կգ), Աղվան Ալեքսանյան (80), Դավիթ Սիմոնյան (86), Իշխան Հովսեփյան (92 կգ), Ալբերտ Հարությունյան:
Եվրոպայի առաջնությունը կտևի մինչև մայիսի 2-ը: Մարտերը սկսում են ժամը 13:00-ից: Մուտքն ազատ է: