ՀՀ զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանի տեղակալ Հովհաննես Քոչարյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։ Քոչարյանն այդ պաշտոնում նշանակվել էր նախորդ տարվա դեկտեմբերին՝ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով։
Հովհաննես Քոչարյանը Hayastan.news-ի հետ զրույցում հաստատել էր տեղեկությունը։ «Աշխատանքից ազատման դիմում եմ գրել։ Պատճառն այն է, որ իմ հարազատ մարդու առողջական հարցերով պետք է զբաղվեմ»,- ասել էր Քոչարյանը։
Բայց Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով Քոչարյանի՝ աշխատանքից ազատվելու պատճառն այլ է։ Մեր աղբյուրների փոխանցմամբ խիստ լարվել են Վարդապետյանի և Քոչարյանի հարաբարերությունները։ Գլխավոր պատճառներից մեկն եղել է Ազատ գյուղում տեղակայված զորամասի զինվորների ողբերգական դեպքին հաջորդած զարգացումները։ Ինչպես հայտնի է օրեր առաջ հրդեհից մահացած զինվորների հարազատները հանդիպել էին ՀՀ զինվորական դատախազի հետ, սակայն փակ հանդիպումը որեւէ արդյունք չէր տվել։ Քոչարյանը որոշակի անհամաձայնություն է ունեցել իր ղեկավարի հետ, ով էլ այդ դժգոհությունները փոխանցել է Վարդապետյանին։ Վերջինս էլ որոշել է ազատվել «անհնազանդ» պաշտոնյայից, այդ կերպ մեկ անգամ ևս հերքելով իր իսկ արած այն վստահեցումը, թե դատախազության համակարգում իր համար սիրելիներ ու չսիրելիներ չկան։
Հիշեցնենք, որ Հովհաննես Քոչարյանը ՀՀ նախկին փոխոստիկանապետն էր, պաշտոնից ազատվելուց հետո զբաղվում էր փաստաբանությամբ։
Irakanum.am