Այսօր Արմավիրի մարզի Շենիկ գյուղում մեծ ու փոքր հավաքվել են ապրիլին 23–ին Սոթքի ուղղությամբ թշնամու կրակոցից զոհված ժամկետային զինծառայող Արտյոմ Պողոսյանին վերջին հրաժեշտը տալու։
Շենիկի միջնակարգ դպրոցի տնօրեն Ժենյա Վարդանյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ Արտյոմի զորացրվելուն շուրջ 2 ամիս էր մնացել:
Արտյոմը երեխաներից մեծն էր` իրենից փոքր քույր և եղբայր ունի։ Քույրը 3–րդ դասարանում է սովորում, եղբայրը ` 12–րդ։ Արտյմի հարը մեխանիզատոր է, տրակտոր է քշում, աշխատում է դաշտում աշխատում, մայրը տնային տնտեսուհի է:
«Խելոք, օրինապահ, իսկական հայ ընտանիքի զավակ էր Արտյոմը։ Նույն փողոցում ենք բնակվում։ Իմ աչքի առաջ է մեծացել։ Դպրոցում չարաճճի էր, անհոգ, ազատ, դպրոցից դուրս աշխատասեր, ընտանիքին ու ընկերներին հասնող։ Դպրոցից հասնում էր տուն, բահն առնում էր ուսին, գնում էր դաշտում աշխատելու, հորն էր օգնում։ Երեկոյան էլ ընկերների հետ էին հավաքվում »,–հիշում է Վարդանյանը։
Նրա խոսքով` Արտյոմն ընկերների ուրախությունն էր, որտեղ նա էր, այնտեղ ծիծաղ կար։ Բոլորին հավաքում էր իր կողքը։
«Իր մասին տեսաձայնագրված հիշողությունները դարձան պատմություն։ Նրա դասընկերներն ու ընկերները մեկ մարդու պես հավաքվել են Արտյոմին վերջին հրաժեշտ տալու։ Բոլորը անասելի ցավ են ապրում»,– ասում է դպրոցի տնօրենը։