00:00:00

Չգիտեմ՝ ով ա ստորագրել, ես չեմ ստորագրել. Ռուստամ Բաքոյանը՝ Թագուհի Թովմասյանի պաշտոնանկության մասին

14:23, 21 ապրիլ 2023 Քաղաքականություն

Ես Թագուհի Թովմասյանին անվստահություն հայտնելու նախաձեռնության տակ չեմ ստորագրել, չգիտեմ՝ ով է ստորագրել: Այս մասին այսօր՝ ապրիլի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը:

«Այն, ինչ տեղի է ունեցել երեկ Ազգային ժողովում, ես դահլիճում չեմ եղել, քանի որ եզդիական Նոր տարին է եղել, ես դրանով եմ զբաղված եղել»:

Լրագրողները հստակեցրին, որ խոսքը ԱԺ , մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի հայտնի նիստի մասին է, սակայն Բաքոյանը անպատախան թողեց հարցն ու հեռացավ:

Հիշեցնենք, որ նախօրեին ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հայտարարել էր, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը պատրաստվում է քննարկել «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանին անվստահություն հայտնելու հարցը։

Աղազարյանն իր ելույթում հայտարարեց, որ նախաձեռնել է Թովմասյանին անվստահություն հայտնելու գործընթաց` հիշեցնելով, որ այդ մասին հայտնել է դեռ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի հայտնի նիստից հետո, որտեղ ՄԻՊ թեկնածուի հարցի քննարկման ժամանակ միջադեպ էր տեղի ունեցել։

«Այդ հարցն առաջիկայում կդառնա խմբակցության քննարկման առարկա: Թագուհի Թովմասյանը, ամենայն հավանականությամբ, տեղյակ լինելով այդ մասին, սարքեց այս «շոուն»` հետապնդելով 2 նպատակ։ Մի դեպքում ճնշում գործադրել մեր խմբակցության որոշ գործընկերների վրա, թե տեսեք, ես խոսեցի, դրանից հետո իմ նկատմամբ նման բան արեցին, երկրորդ տարբերակ` հանրությանը ցանկանում էր ցույց տալ, որ ինքն այդքան համարձակություն ունի», -ասաց Աղազարյանը:

Հիշեցնենք, որ երեկվա արտահերթ նիստում մտքերի փոխանակության ժամանակ իր ելույթից հետո Թովմասյանը հայտարարեց, որ չի իջնելու ԱԺ ամբիոնի մոտից, որպեսզի այդ հարթակից այլևս սուտ չհնչի։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հորդորեց նրան դադարեցնել ակցիան, Թովմասյանը չհամաձայնեց, նրան միացան այլ ընդդիմադիր պատգամավորներ ներս հրավիրվեցին անվտանգության աշխատակիցները, քաշքշուկ սկսվեց։

Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ ակցիայի անվան տակ պատգամավորները խոչընդոտում էին ՀՀ ԱԺ սահմանադրական գործընթացը։ Դեպքի առնչությամբ նկատողություն ստացան պատգամավորներ Թագուհի Թովմասյանը, Գառնիկ Դանիելյանը, Գեղամ Մանուկյանը, Աննա Մկրտչյանը, Հայկ Մամիջանյանը, Աննա Գրիգորյանը, Տիգրան Աբրահամյանը, Տարոն Մարգարյանը, Արթուր Սարգսյանը, Անդրանիկ Թևանյանը և հեռացվեցին այսօրվա նիստից` զրկվելով դահլիճում ներկա լինելու իրավունքից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր