00:00:00

ՀՀ վարչապետն ու պաշտպանության նախարարը նպատակահարմար չեն համարում հանդիպել Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների ծնողների հետ

20:07, 19 ապրիլ 2023 Հասարակություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նպատակահարմար չեն համարում հանդիպել Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների ծնողների հետ։ Այդ մասին հայտնել է փաստաբան Նորայր Նորիկյանը։

Հիշեցնենք՝ երեկ զոհված զինվորների ծնողները հերթական անգամ իրենց դժգոհությունն էին հայտնել գործի քննության ընթացքից ու որպես բողոքի նշան՝ փակել էին Երևան-Սևան մայրուղին՝ պահանջելով հանդիպում Փաշինյանի ու Պապիկյանի հետ։ Նշենք, որ վարչապետն ու պաշտպանության նախարարը մինչ այդ էլ չեն հանդիպել խաղաղ  պայմաններում զոհված զինծառայողների ծնողներին՝ չնայած նրանց կողմից դրա վերաբերյալ բազմիցս հնչեցված պահանջին։ Իսկ այս անգամ մերժումը Փաշինյանի ու Պապիկյանի կողմից բացատրվել է նրանով, որ գործով ընթանում է նախաքաննություն, այնինչ հրդեհի հետևանքով զոհված զինվորների ծնողները բազմիցս դժգոհություն են հայտնել նաև այն կապակցությամբ, որ Նիկոլ Փաշինյանն իր հայտարարություններով ուղղորդում է գործի քննության ընթացքը։

Նիկոլ Փաշինյանի և Սուրեն Պապիկյանի կողմից զոհվածների ծնողների հետ հանդիպումը մերժելու փաստը փաստաբան Նորայր Նորիկյանին  այսօր հայտնել է Գեղարքունիքի մարզպետը, ով էլ վարչապետին ու պաշտպանության նախարարին պետք է փոխանցեր ծնողների պահանջը։

Այս առնչությամբ փաստաբան Նորայր Նորիկյանը գրել է․

«Հարգե՛լի բարեկամներ

Ինչպես հայտնի է, երեկ Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողները փակել էին Երևան-Սևան մայրուղին՝ պահանջելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը գան և պատասխանեն իրենց հարցերին ու ներկայացնեն բացատրություններ իրենց որդիների զոհվելու դեպքի կապակցությամբ, կամ կոնկրետ օր ու ժամ ասեն, թե ե՞րբ կընդունեն իրենց՝ նույն հարցերին պատասխանելու համար․․․

Զոհված զինծառայողների ծնողները երկու ժամ անց բացեցին ճանապարհը՝ դիտարկելով այն որպես բացառիկ հարգանք Հայաստանի Հանրապետության և ՀՀ քաղաքացիների նկատմամբ։

Միաժամանակ, պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ ՀՀ Գեղարքունիքի մարզպետն այսօր պետք է տեղեկացներ ներկայացված պահանջի վերաբերյալ կառավարության դիրքորոշումը։

Հայտնում եմ Ձեզ, որ քիչ առաջ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հեռախոսազանգով հայտնել է ինձ, որ այս պահի դրությամբ այլ տեղեկատվություն տրամադրման բացակայության, ինչպես նաև, նկատի ունենալով, որ ներկայումս ընթանում է նախաքաննություն, ՀՀ Վարչապետն ու պաշտպանության նախարարը նպատակահարմար չեն համարում և ձեռնպահ են մնում մինչև նախաքննության ավարտը հանդիպել զոհված զինծառայողների ծնողների հետ։

Մարզպետի կողմից հայտնած տեղեկատվության բովանդակությունից կարելի է հանգել հետևության, որ ՀՀ վարչապետն ու պաշտպանության նախարարն այս փուլում հերթական անգամ մերժել են հանդիպել զոհված զինծառայողների ծնողների հետ։

Հարգե՛լի բարեկամներ

Զոհված զինծառայողների ծնողների կողմից ձեռնարկվելիք հետագա քայլերի մասին լրացուցիչ կներկայացնենք համապատասան տեղեկատվություն»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր