այաստանի հավաքականի և «Ռոստովի» կիսապաշտպան, Ռուսաստանի երիտասարդական հավաքականի նախկին խաղացող Խորեն Բայրամյանը Спорт-Экспресс-ի հետ զրույցում պատմել է, թե ինչպես է որոշել 2020 թվականին հանդես գալ Հայաստանի հավաքականի կազմում։ Գրում է armsport.am-ը
– Ռուսաստանում հիմա ավելի ու ավելի մեծ ուշադրություն է դարձվում Հայաստանի հավաքականին, որտեղ ավելանում են ՌՊԼ-ից նատուրալիզացված խաղացողներ։ Դա սկսվեց ձեզանից՝ երեք տարի առաջ: Ինչպե՞ս եք վերաբերվում այս պրակտիկային, և ի՞նչ դեր է խաղում թիմը ձեր կյանքում:
– Ես այդ հարցին լավ եմ վերաբերվում, քանի որ ես ինքս անցել եմ դրա միջով: Պարզապես իմ վիճակը մի փոքր այլ էր։ Եթե ես ավելի վաղ սկսեի հանդես գալ ազգային հավաքականում, ինձ լեգեոներ կհամարեին, իսկ ՌՊԼ-ում լիմիտի առկայության դեպքում ավելի դժվար կլիներ ինձ համար։ Իսկ այժմ կանոնները փոխվել են, և խաղացողներն ունեն համարժեք ընտրության իրավունք։
Ում սիրտն ինչ թելադրում է, թող դա ընտրի։ Ես իրավունք չունեմ որևէ մեկին քննադատելու։ Որպես Հայաստանի հավաքականի խաղացող՝ շատ ուրախ եմ, որ Ռուսաստանում մեծացած տղաները սկսեցին խաղալ մեր թիմում։ Նույն՝ Նաիր Տիկնիզյանն ու Ժորա Հարությունյանը, որոնք նոր են նորամուտը նշել։ Մինչ այդ՝ Էդիկ Սպերցյանը․․․ Նրանք բոլորն էլ, իմ կարծիքով, մեծապես ուժեղացրին Հայաստանի հավաքականը։
Միայն Կուրբան Բերդիևի ժամանակաշրջանում 2015 թվականին մասնակցեցի եվրագավաթներին, զգացի այդ մթնոլորտը։ Ես զգացի, թե ինչպիսին է, օրինակ, «Օլդ Թրաֆորդում» խաղալը: Իհարկե, միշտ էլ կա երազանք ու նպատակ՝ հասնել ազգային հավաքականի հետ խոշոր մրցաշարի։ Բայց բոլորս էլ շատ լավ հասկանում ենք, որ Հայաստանը ֆավորիտ չի համարվում։ Բայց ես հաճույքով գալիս եմ հավաքականի յուրաքանչյուր խաղի և հեռանում եմ լավ փորձով։ Ցանկացած խաղ մեծ կամ միջին մակարդակի թիմի դեմ, դա զիլ է: Սովորում ես, քեզ համեմատվում ուժեղ խաղացողների հետ, և սա միշտ լավ է։ Էլ ե՞րբ կխաղայի, ասենք, Մոդրիչի, Մյուլերի, Հոլանդի դեմ:
– Ձեզ համար դժվա՞ր էր այս որոշումը կայացնել 2020 թվականին։ Ո՞վ համոզեց։
-Այսքան ժամանակ է անցել: Ես հայ եմ, սա իմ պատմական հայրենիքն է, ես խոսում եմ հայերեն և ցանկանում էի խաղալ Հայաստանի հավաքականում։ Եթե Ռուսաստանի հավաքականին պետք լինեի, ապա մի օր ինձ կկանչեին (2012թ. Բայրամյանը խաղում էր Ռուսաստանի երիտասարդական հավաքականում): Բայց զանգ չեկավ, իսկ ես արդեն 27 տարեկան էի։ Այլևս անիմաստ էր սպասել։ Շատ ուրախ եմ, որ ընտրեցի Հայաստանը և խաղում եմ այս հավաքականում։
– Երբ Ռուսաստանի առաջնության հայազգի երիտասարդները մտածում են, թե արդյո՞ք պետք է միանան Հայաստանի հավաքականին, խորհրդակցո՞ւմ են քեզ հետ:
– Այո, նրանցից յուրաքանչյուրը հարցրել է, և ես ասել եմ, որ բոլորը ուրախ կլինեն, եթե ընտրեն Հայաստանը։ Ես գիտեմ նրանց խաղամակարդակը և վստահ եմ, որ նրանք մեզ կօգնեն։
Բայրամյանը Հայաստանի հավաքականում հանդես է գալիս 2020 թվականից։ Հայաստանի հավաքականի կազմում Խորենն անցկացրել է 22 հանդիպում և դարձել է 2 գոլի հեղինակ։ Նախկինում նա արդեն խաղացել էր Ռուսաստանի մինչև 21 տարեկանների հավաքականում՝ թիմի կազմում անցկացնելով 7 հանդիպում և դառնալով 1 գոլի հեղինակ։