00:00:00

ArmDaily.am-ը փակվել է, նախ դուրս է եկել խմբագիրը, ապա՝ ամբողջ աշխատակազմը

18:22, 08 հոկտեմբեր 2022 Քաղաքականություն

ArmLur.am-ի ունեցած տեղեկություններով՝ ArmDaily.am լրատվական կայքը, 4 տարվա գործունեությունից հետո, դադարեցրել է աշխատանքը: Կայքը փակելու մասին լուրը սեփականատերը աշխատակազմին հայտնել է երեկ տեղի ունեցած ժողովի ժամանակ: Մեզ հայտնի դարձավ, որ մինչև այդ, աշխատանքից ազատվելու դիմում էր գրել կայքի գլխավոր խմբագիր Վարդուհի Մելտոնյանը, որը մինչև այդ զբաղեցնում էր «Կենտրոն» հեռուստաընկերության լրատվական բաժնի տնօրենի պաշտոնը: Կայքից դուրս գալու որոշման պատճառը, ըստ մեզ հասած լուրերի, եղել է սեփականատիրոջ հետ ունեցած տարաձայնությունը կայքի վարած քաղաքականության վերաբերյալ: Վարդուհի Մելտոնյանի հեռանալուց հետո աշխատանքից դուրս է եկել ամբողջ աշխատակազմը, արդյունքում՝ ղեկավարությունը որոշել է փակել կայքը:

Նշենք, որ ArmDaily.am-ը մինչև վերջերս պատկանում էր Արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանին: Նա հայտնել էր, որ այլևս ինքը չէ սեփականատերը, սակայն հարցը, թե ում է վաճառել, այդպես էլ անպատասխան էր թողել: Մամուլն այդ ժամանակ գրեց, որ ArmDaily.am-ը գնել է Ազգային ժողովրդավարական բևեռը, իսկ ավելի հստակ՝ Ժիրայր Սեֆիլյանը: Մեր տվյալներով, սակայն, որոշվել է որպես սեփականատեր ներկայացնել լրատվական դաշտի հետ որևէ առնչություն չունեցող մարդու՝ այդպիսով փորձելով փակել խոսակցությունը, թե ԱԺԲ-ն կամ Սասնա Ծռերը առնչություն ունեն լրատվամիջոցի հետ: ArmLur.am-ին հաջողվեց ճշտել, որ այդ մարդը Անի Շեկոյանն է, որն աշխատում է նորաձևության ոլորտում: Կատարվածի վերաբերյալ մանրամասներ ճշտելու համար զանգահարեցինք Վարդուհի Մելտոնյանին, նա հաստատեց լուրը, որ սեփական դիմումի համաձայն ազատվել է խմբագրի պաշտոնից:

«Այո, որոշում եմ կայացրել դադարեցնել աշխատանքս ArmDaily-ում»,-ասաց Մելտոնյանը: Հարցին՝ դուրս գալու ժամանակ իմացե՞լ է արդյոք , որ կայքը փակվելու է և ի՞նչ հիմնավորում է ներկայացրել սեփականատերը ժողովի ժամանակ, Մելտոնյանն ասաց, որ իր համար ևս կայքը փակելու լուրը անակնկալ է եղել, իսկ թե ինչ է խոսվել ժողովին, տեղյակ չէ, քանի որ ներկա չի գտնվել:

Նախկին խմբագիրը հերքեց լուրը, թե կայքն ունեցել է ֆինանսական խնդիրներ, ասաց՝ աշխատավարձը միշտ ստացել են ժամանակին, ուշացում երբևէ չի եղել: Թե ո՞րն է իր հեռանալու պատճառը և ինչո՞ւ են, իր տվյալներով, որոշել դադարեցնել կայքի գործունեությունը, Մելտոնյանը հրաժարվեց պատասխանել: «Ներեցեք, այլ հարցերի չեմ ցանկանում պատասխանել»: Նա հրաժարվեց պատասխանել նաև հարցին, թե ունեցե՞լ է արդյոք կայքն առնչություն «Սասնա Ծռերի» հետ:

ArmLur.am-ը զրուցեց նաեւ լրագրող Արփինե Սարգսյանի հետ։ Նա մեզ հետ զրույցում պատմեց. «Երբ տեղեկացանք, որ մեր խմբագիրը որոշել է դուրս գալ աշխատանքից, գործընկերներով եւս որոշեցինք այդպես վարվել եւ մեր սեփականատիրոջը տեղեկացրեցինք, որ ցանկանում ենք հանդիպել եւ զրուցել իր հետ։ Սակայն նա եկավ ժողովի եւ բոլորիս համար անակնկալ կերպով միանգամից ասաց, թե որոշել են կայքը փակել՝ առանց մեզ լսելու»,-նշեց նա:

Արփինե Սարգսյանի խոսքով, երբեք խնդիրներ չեն եղել, եւ շատ զարմանալի էր կայքը փակելու որոշումը։

Սեփականատեր Անի Շեկոյանի հետ զրուցել չհաջողվեց։ ArmLur.am-ը պատրաստ է հրապարակել նաեւ նրա տեսակետը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր