Մեր վերլուծությամբ ու իմ գնահատմամբ՝ վերջին շրջանի քննարկումներն ու դիվանագիտական աշխատանքը առաջ գնալու որոշակի տարածք են բացել, ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, թե որ ուղղությունները կարող են, ըստ իրեն, բանակցություններում առաջ ընթանալու հնարավորություն ստեղծել։
«Ես նաև իմ վերջին հարցազրույցի ժամանակ եմ խոսել 1991 թվականի դեկտեմբերի 8-ի համաձայնագրի հիման վրա Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի կողմից փոխադարձաբար միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու կոնցեպտի մասին, և կան նախանշաններ, որ այս հենքը և այս մոտեցումը կարող է փոխադարձաբար ընդունելի լինել կողմերի համար», - ասաց Փաշինյանը։
Հաջորդ ուղղությունը, ըստ Փաշինյանի, Արցախի և Ադրբեջանի միջև «խոսակցության մեկնարկն» է։
«Հաջորդը, որ ես կարծում եմ, որ կա որոշակի տարածք, որպեսզի տեղի ունենա և մեկնարկի խոսակցություն Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև։ Այս երկու ուղղությունները ես համարում եմ անկյունաքարային նշանակություն ունեցող», - խոսքն ամփոփեց Նիկոլ Փաշինյանը։