ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության հռչակագրի օրվա առթիվ։
Ուղերձը ներկայացնում ենք ստորև.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Երբ 1990 թվականի օգոստոսի 23-ին Գերագույն խորհրդի կողմից ընդունված Հռչակագրով սահմանվեց անկախ պետության հաստատման գործընթացի մեկնարկը, ամբողջ երկիրը, մի ընտանիք դարձած, անպատմելի ոգևորության մեջ էր: Պատմական զարգացման հերթականությամբ՝ Հռչակագրով սահմանվածն ամրագրվեց 1991 թվականի սեպտեմբերի 21-ի անկախության հանրաքվեով և Հայաստանի Հանրապետության ճանաչմամբ:
Հռչակագիրը նաև մեր Սահմանադրության մշակման թույլտվությունն էր, ինչը և կյանքի կոչվեց:
Տարիների հեռվից գնահատելով մեր ձեռքբերումները և Հռչակագրով բերած արժեքները՝ պարզ է դառնում այն գիտակցումը, որ անկախությունը վաստակած պարգև է, ինչն ավելի պարտավորեցնող է ստանալուց հետո: Յուրաքանչյուր օր անկախությունը պահպանելու հրամայական է, այն ամրացնելու ապացույցը՝ երբեք չավարտվող ջանքերը և չթուլացող զգոնությունը:
Մեր տևական համառությամբ, չընկճվելու ժառանգությամբ և բացճակատ դիմակայելու ունակությամբ շարունակելու ենք պայքարել անկախությունը վտանգող տարբեր կողմերից եկող մանր ու մեծ փորձերի դեմ:
Եվ ինչպես Հռչակագիրն է սահմանում, մշտարթուն զգոնությամբ, ազնվորեն և մեծ պատասխանատվությամբ պետք է նպաստենք ժողովրդավարական, իրավական հասարակարգի զարգացմանը:
Շնորհավորում եմ Անկախության հռչակագրի օրվա առթիվ, ամուր լինենք»։